211652_close_icon
views-count5051 դիտում article-date 12:45 09-09-2015

Բացվել է բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անվան սրահը. լուսանկարներ

Սեպտեմբերի 8-ին Երևանի պետական բժշկական համալսարանում բացվեց ուսանողական խորհրդարանի նոր սրահը, որը կրում է բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անունը։ Միջոցառմանը ներկա էին Մուրադ Մուրադյանի ընտանիքի անդամները, զինակից, բժիշկ, ուսանողական ընկերները, բժշկական համալսարանի ռեկտորը, դասախոսներ, ուսանողներ։ Ներկաները պատմում էին իրենց հուշերը հերոսի մասին։ Մուրադը ակտիվ գործունեություն էր ծավալում ամենուրեք, բանիմաց էր գրեթե բոլոր բնագավառներում, շատ լավ տիրապետում էր զինատեսակներին։ Նա և՜ բժիշկ էր, և՜ զինվոր, և՜ պատմաբան, և՜ քաղաքագետ… Մուրադ Մուրադյանը 1987թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, 1994թ. ավարտել այն: 1988-ից բժշկական ինստիտուտի՝ Արցախյան շարժման նախաձեռնող խմբի անդամ էր: 1990թ. կազմակերպել և մի քանի ակտիվիստների հետ ստեղծել է բուժակ-հրաձիգների պատրաստման և մարտական ջոկատների համալրման խմբեր։ Մինչև հրադադարը մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին: 1996թ. ծառայության է անցել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչությունում որպես վարչության պետի տեղակալ: Մուրադ Մուրադյանը զոհվել է 1996թ.՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, ՀՀ սահմանամերձ շրջանում: Բժիշկ-ազատամարտիկի ընտանիքի անդամներն ու ընկերներն առաջիկայում կհարստացնեն սրահը Մուրադ Մուրադյանի մասին պատմող նյութերով՝ սերունդներին ծանոթացնելով բժիշկ-զինվորի սխրանքներին։ Նշենք, որ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը վերանորոգել էին բուհի ուսանողական խորհրդարանի անդամները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Կառուցենք մեր ձեռքերով» ծրագրի շրջանակներում։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր