211652_close_icon
views-count1117 դիտում article-date 21:54 07-09-2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը: Ողջունելով բելգիական պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, որը նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը: Գալուստ Սահակյանը ողջունել է այս տարվա սկզբին Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանը ներկայացնող եւ բելգիական խմբի անդամ հանդիսացող պատգամավորների կողմից Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծումը: Փաստելով, որ մեր խորհրդարանում Հայաստան-Բելգիա բարեկամական խումբը վաղուց է գործում՝ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբերի գործունեության ակտիվացումը լավագույնս կծառայի հայ-բելգիական բարեկամության խորացմանը եւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով այն փաստին, որ պատվիրակության այցն իրականանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում՝ ԱԺ նախագահը նշել է, որ 2015 թ. ապրիլի 24-ին համայն առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար եւ փաստել, որ այսօր խորհրդարանում ունեցել են բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ: Պատվիրակության անդամներն ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ տեղեկացնելով, որ այն մեծ արձագանք է ստացել Բելգիայում, որտեղ թուրքական համայնքը բավականին ազդեցիկ է: Բելգիացի խորհրդարանականները նշել են, որ անհրաժեշտ է ընդլայնել Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը՝ դրա մեջ ներառելով Պոնտոսի հույների, ասորիների, սիրիացիների ցեղասպանությունը: Հյուրերը նշել են, որ ֆլամանդական խորհրդարանը նույնպես իր փոքր, բայց նշանակալի դերն ունեցավ բանաձեւի ընդունման գործում: Անդրադառնալով առաջիկա այցելությանը Արցախ՝ պատվիրակության անդամները նշել են, որ իրենց նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին եւ ներկայացնել միջազգային հանրությանը իրական պատկերը: Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը կրկին իր երախտագիտությունն է հայտնել մարդասիրական առաքելությամբ Հայաստան ժամանած բելգիացի խորհրդարանականներին եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին, ում ջանքերն անգնահատելի են ազգապահպանության, հայ ժողովրդի ձայնը Եվրոպայում լսելի դարձնելու գործում:

Նմանատիպ նյութեր