ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ԱՆ պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցը
Սեպտեմբերի 3-ին Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել է բացառապես արդարադատության նախարարի պաշտոնում ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հարցը: Այդ մասին ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը և հավելել. «Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Այսօր բացառապես քննարկել ենք նրա հարցը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ, ու իր որոշումը կկայացնի»:
Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը նույնպես ներկա է եղել նիստին:
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական էր տվել 2 ամիս առաջ: