211652_close_icon
views-count1156 դիտում article-date 13:45 03-09-2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության պատվիրակությանը. լուսանկարներ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ նախորդ այցից անցել է մեկ տարի, եւ այդ ընթացքում հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններն ավելի են խորացել: Անդրադառնալով հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների խորացմանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների ղեկավարների փոխայցերը, այդ թվում՝ 2015 թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան: Խոսելով Ֆրանիսա կատարած իր այցի մասին՝ Ազգային ժողովի նախագահը վերհաստատել է իր հրավերը Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով բարեկամության խմբերի ծավալած արդյունավետ գործունեությունը, ընդգծել է բարեկամական խմբերի ղեկավարների մեծ ներդրումը բարեկամ երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում: Անդրադառնալով Ադրբեջանի՝ անհանգստության տեղիք տվող, անհանդուժող պահվածքին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԵԽԽՎ-ն իրական քայլեր ձեռնարկի այդ երկրի հանդուգն, ոչ ժողովրդավար գործելակերպը կանխելու համար: Իր երախտագիտության խոսքն ուղղելով Բրյունո լը Ռուին, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ջատագովներից է, Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում: Անդրադառնալով պատվիրակության առաջիկա այցին Ղարաբաղ՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ կարեւորում է յուրաքանչյուր նման այց, քանի որ Լեռնային Ղարաբաղ այցելող յուրաքանչյուր պատվիրակություն կամ անձ հնարավորություն ունի ականատես լինելու ազատ ապրելու իրավունքը նվաճած, անկախության համար մարտնչած ժողովրդի կենսակերպին: ԱԺ նախագահի խոսքով՝ անկախ ճանաչված կամ չճանաչված լինելու հանգամանքից, Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ ապրելու իր իրավունքը եւ չպետք է անտեսված լինի միջազգային հանրության կողմից: Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն, շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի նախագահին ընդունելության համար, նշել է, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն ավելի են հզորացել: Կարեւորելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Բրյունո լը Ռուն փաստել է, որ իր երկրի նախագահը հետեւողականորեն վերհաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը Ցեղասպանության դատապարտման հարցում: Անդրադառնալով պատվիրակության այցելությանը Լեռնային Ղարաբաղ՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ իրենց նպատակն է տեղում շփվել արցախցիների հետ եւ վերհաստատել այն միտքը, որ այնտեղ ապրող ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ապրելու: Բրյունո լը Ռուն նշել է, որ պատվիրակության անդամները տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից եւ փաստել, որ միջազգային հանրության համար անընդունելի են հրադադարի ռեժիմի խախտումները: Խոսելով Հայաստան եւ Արցախ այցելության մասին, նա նշել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է կարեւորվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները՝ ի տարբերություն հարեւան երկրի, որտեղ ժողովրդավարությունը կաղում է: Անդրադառնալով Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններին՝ Բրյունո լը Ռուն փաստել է, որ պետք է խորացնել դրանք բարեկամ երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների մակարդակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր