Հայաստանի հավաքականի դարպասապահներից մեկը հեռացավ Ֆրանսիա
Այսօր «Բանանց» ֆուտբոլային ակումբի և թիմի 23-ամյա դարպասապահ Արթուր Թորոյանի միջև պայմանագիրը խզվել է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Վերջին չորս մրցաշրջանները «Բանանցի» գլխավոր թիմում անցկացրած դարպասապահը որոշում է կայացրել մշտական բնակության մեկնել Ֆրանսիա:
Արթուր Թորոյանը «Բանանցի» կազմում մասնակցել է 85 հանդիպման: Թիմի կազմում նա դարձել է Հայաստանի չեմպիոն և փոխչեմպիոն:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արթուր Թորոյանին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար:
Նշենք, որ Արթուր Թորոյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մի քանի հանդիպում է անցկացրել: Հրավիրվել է նաև Հայաստանի գլխավոր հավաքական, որի կազմում մասնակցել է ուսումնամարզական հավաքների: