211652_close_icon
views-count1339 դիտում article-date 13:52 24-08-2015

Ամփոփվել է «Ամառային դպրոց 2015» միջազգային ծրագիրը. ծրագրին 85 ուսանող է մասնակցել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Աղավնաձորի ուսումնական բազայում կայացած «Ամառային դպրոց 2015» միջազգային ծրագրի պաշտոնական փակման արարողությանը: ««Ամառային դպրոց»-ները և ոչ ֆորմալ կրթության այլ ձևերը ոչ միայն կրթական, այլև անձի ինքնահաստատման, զարգացման ու բացահայտման նպատակ ունեն. դրանց շնորհիվ մասնակցները ձեռք են բերում նոր ծանոթություններ, շփվում օտարազգի իրենց հասակակիցների հետ և ձևավորում հասարակություն մտնելու նոր կարողություններ, մարդկային հարաբերությունների նոր հարթակ»,- նշել է նախարար Արմեն Աշոտյանն ու մասնակիցներին հանձնել մասնակցության դիպլոմներ: Բազմաթիվ «Ամառային դպրոց»-ների մասնակցած նախարարը վստահեցրել է, որ ծրագիրը, որպես մանկավարժական մեթոդ, ներազդեցության, ներգործության ամենաարդյունավետ ձևերից է։ Նա նաև ընդգծել է, որ Մանկավարժական համալսարանը վերջին տարիներին ամենաինտենսիվ բարեփոխվող բուհերից է և հորդորել է շարունակել համագործակցությունը միջազգային հաստատությունների հետ` իրականացնելով այլ ծրագրեր ևս: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել համագործակից բուհերի ռեկտորներին և ծրագրի կայացման աջակիցներին` վստահեցնելով, որ տարբեր ազգեր միավորող երիտասարդական աննախադեպ ծրագիրը կլինի շարունակական: Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ծրագրի մասնակիցներն անակնկալներ էին պատրաստել ներկաների համար. ազգային երգ ու պար, յուրօրինակ համարներ, հայկական բնաշխարհը պատկերող նկարներ, որոնցից յուրաքանչյուրում նախ տպավորություններ էին, ապա Մանկավարժական համալսարանին ուղղված երախտագիտության խոսքեր` լավագույն ժամանց, լիարժեք հանգիստ և ողջ Հայաստանով ճանաչողական այցեր կազմակերպելու համար: Նշենք, որ Մանկավարժական համալսարանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՄՀ-ի ուսանողական խորհրդի հետ համատեղ արդեն երրորդ տարին իրականացվում է «Ամառային դպրոց» ծրագիրը: Այս տարի փոխանակային ծրագրին մասնակցում էին ուսանողներ ՀՊՄՀ-ից, Արցախի պետական համալսարանից, ՌԴ-ի Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական, Լիտվայի կրթական գիտությունների, Ֆինլանդիայի Օուլույի և Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարաններից` շուրջ 85 ուսանող:

Նմանատիպ նյութեր