1670 դիտում
12:06 05-08-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արագածոտնի մարզ` գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Նախարարի այցի առաջին կանգառը Բազմաղբյուր համայնքում էր: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է «Վարգա ֆուդ» ՍՊԸ, հետևել արտադրության գործընթացին: Ընկերության տնօրեն Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ «Վարգա ֆուդը» հիմնադրվել է ընդամենը վեց ամիս առաջ, այժմ ունի 40 աշխատատեղ և առկա են նախադրյալներ գործունեությունն ընդլայնելու համար: Նախատեսվում է պատրաստի արտադրանքը արտահանել ռուսական շուկա: Այս պահին արդեն իսկ մթերել են կեռաս և ազնվամորի, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում նախատեսում են մթերել ավելի քան 150.0 տոննա պտուղբանջարեղեն:
Այնուհետև նախարարն այցելել է Կարբի համայնքում հիմնադրված «Կարբի ֆրուտ» ընկերություն, եղել ընկերության սառնարանային արտադրամասում, զրուցել ընկերության աշխատակիցների հետ: Տնօրեն Արմեն Գրիգորյանի խոսքով` ընկերությունն անցյալ տարի է ստեղծվել, աշխատանքներից գոհ են, ընկերության արտադրանքը նախատեսում են մասամբ իրացնել տեղական, և մասամբ էլ` ռուսաստանյան շուկայում:
Ողջունելով նոր վերամշակող ընկերություններ ստեղծելու նախաձեռնությունները` նախարարը վստահություն հայտնեց, որ ընկերությունների հիմնումը թույլ կտա լուծել գյուղացիների բերքի իրացման խնդիրը` միաժամանակ նպաստելով տեղական արտադրության ծավալների ավելացմանը:
Այցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանը եղավ նաև Կարբի խնձորի այգիներում, որտեղ այգետերերը հավաստիացրեցին, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի առատ բերք են ակնկալում: Գյուղացիները նախարարի հետ զրույցում կարևորեցին ոռոգման ջրի, ինչպես նաև բուժանյութերի որակի ապահովման հարցերը: Նախարարը հանձնարարեց մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրենին նախարարության միջոցներով ապահովել բուժանյութերի լաբորատոր փորձաքննությունը:
Այնուհետև նախարարն ուղևորվեց դեպի Հնաբերդ համայնք` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի իրականացման աշխատանքներին հետևելու նպատակով: Համայնքապետի տեղեկացմամբ` ծրագրի շրջանակում ձեռք է բերվել գյուղտեխնիկա, ինչը կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքները, պետական օժանդակության ծրագրերի շնորհիվ զգալիորեն ավելացել են հացահատիկի և ընդհանուր ցանքատարածությունները:
Հնաբերդ համայնքում հիմնվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, որին անդամակցում է 151 ֆերմեր:
Ողջունելով այս նախաձեռնությունը` նախարարը առանձնահատուկ կարևորել է կոոպերատիվների բոլոր անդամների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացքում` աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում:
«Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումն ու զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գրավականն է, և պետությունը պատրաստ է իր կողմից աջակցություն ցուցաբերել գյուղացիներին միավորման և կոոպերատիվների ստեղծման խնդրում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նշել է, որ ծրագրի շրջանակում այստեղ նախատեսվում է կառուցել շուրջ 10.5 կմ ջրարբիացման համակարգ և տեղադրել 2 խմոց, շուրջ՝ 150 մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
Նշելով, որ Հնաբերդ համայնքն անասնապահական ուղղվածություն ունի` նախարարը հորդորել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես մթերատվության բարձրացման վրա` այս համատեքստում կարևորելով արհեստական սերմնավորման կիրառումը:
Ընդհանուր առմամբ, CARMAC ծրագիրն իրականացվում է Արագածոտնի մարզի 12 համայնքներում: Ծրագրի շրջանակում մարզի 11 համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 132 միավոր գյուղատնետեսական տեխնիկա, այդ թվում 26 միավոր տրակտոր:
«Մարզում շուրջ այս տարի բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել, միայն 2350 հեկտարով ավելացել են հացահատիկի ցանքատարածությունները, ընդհանուր առմամբ շուրջ 2750 հեկտար ավել հող է մշակել նախորդ տարվա համեմատ, բերքատվությունը բավականին բարձր է»,- ամփոփելով այցի արդյունքները` լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Կարապետյանը:
Նախարարը նաև հավելել է, որ այժմ հիմնական խնդիրը մթերումների գործընթացի սահուն կազմակերպումն է: Արդեն սկսվել է լոլիկի մթերումը, և պետությունը պատրաստակամ է օժանդակել վերամշակող ընկերություններին մթերման աշխատանքների սահուն կազմակերպման հարցում:
Այցի ավարտին նախարարը եղել է նաև համայնքի ցորենի ցանքատարածություններում, որտեղ բերքահավաքի աշխատանքներ էին իրականացվում: Գյուղացիների հավաստմամբ` անգամ անջրդի տարածքում ակնկալում են շուրջ 33 ց/ հա բերք ստանալ:
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
17:55 18-03-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայող Ձորի մարզ
1181 դիտում
16:25 05-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ
1455 դիտում
19:31 13-02-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ
Այս բաժնից
1645 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ