211652_close_icon
views-count2814 դիտում article-date 21:26 28-07-2015

Երևանում հատուկ ռեժիմով կկազմակերպվի սպասարկող ծառայությունների աշխատանքը

Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով՝ բացառելով բնակչության սպասարկման ոլորտում որևէ թերացում: «Երևան Ջուր» ընկերությանը, մասնավորապես, հանձնարարվել է խստագույնս հետևել բնակչության ջրամատակարարմանը՝ բացառելով սահմանված ժամանակացույցից որևէ շեղում: Հանձնարարվել է նաև ապահովել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բանուկ հատվածներում, մարդաշատ վայրերում, այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում գործող ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքը: «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ին հանձնարարվել է մեկ անգամ ևս ստուգել ընկերության ենթակայությամբ գործող ջրային կառույցների, ավազանների մաքրությունն ու ապահովել դրանց անխափան աշխատանքը: Կանաչապատման ձեռնարկություններին և համապատասխան մյուս ծառայություններին հանձնարարվել է կանաչ տարածքներում ապահովել խոտհնձի և չոր խոտի հեռացման աշխատանքները, ինչպես նաև խստագույնս հետևել ոռոգման համակարգի անխափան աշխատանքին՝ ապահովելով կանաչ և ծաղկապատ տարածքների ամենօրյա ոռոգումը: Մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ դեռևս բացակայում է ոռոգման ցանցը, հանձնարարվել է ավելի մեծ պարբերականությամբ կազմակերպել ջրցան մեքենաներով ոռոգման աշխատանքները: Աղբահանության և սանմաքրման կազմակերպություններին հանձնարարվել է ապահովել բազմաբնակարան շենքերի աղբախցերից և փողոցներում տեղադրված աղբարկղերից աղբի ժամանակին տեղափոխումը՝ բացառելով կենցաղային աղբի կուտակումը: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկա օրերին հատուկ աշխատանքային ժամանակացույցով կաշխատեն նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարության Երևանի փրկարարական ծառայության, շտապբուժօգնության և բնակչության սպասարկման մյուս ծառայությունները: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր