211652_close_icon
views-count27168 դիտում article-date 11:17 19-07-2015

Լոռու մարզպետի 22-ամյա տղային հրազենային վնասվածք պատճառած 39-ամյա տղամարդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն եւ հանձնել հանցագործության գործիք ինքնաձիգը

Երեկ` հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի կոճի մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Լեւոն Նալբանդյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության եւ նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի եւ Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Լ. Նալբանդյանը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ղոլաքար կոչվող հանդամասից: Պարզվել է նաեւ, որ հանդամասում գտնվող «Հայոց եռագույն» եւ «Հայոց զինանշան» անունը կրող զրուցարանի մոտ նրան հրազենային վնասվածք է պատճառել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Երիցյանը իր մոտ եղած ինքնաձիգից արձակած կրակոցով: Վեճի պատճառը եղել է նշված հատվածում բնական կարիքների շուրջ ծագած տարաձայնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Կ. Երիցյանը ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին, հայտնել կատարվածի մասին եւ ներկայացրել ինքնաձիգը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ Լ. Նալբանդյանը, ով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդին է, Ալավերդիի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ ինքնաձիգն առգրավել են, նշանակվել են մի շարք փորձքննություններ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր