Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակին նվիրված կոնֆերանսի ամփոփիչ նիստը
Հուլիսի 13-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70 ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. Մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» միջազգային կոնֆերանսի ամփոփիչ նիստը:
Նիստին ամփոփիչ ելույթներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը («Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցություն»), ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ' Արմինիանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Իր խոսքում նախարար Պողոսյանը նշել է. «Ավանդական մշակույթի պահպանումը, մշակութային կրթությունը, երիտասարդների ներգրավվածությունը մշակութային նախաձեռնություններում կարևոր նշանակություն ունեն և մշակութային քաղաքականության արդյունավետ երաշխիքներ են: «Մշակույթ և ստեղծագործույթուն» նոր ծրագիրը համալրում է Եվրամիության մյուս նախագծերը. վստահ եմ` այն համագործկցության և մշակութային բազմազանության հետագա զարգացումների հեռանկարում նշանակալի ներդրում կունենա:
Հայաստանը վերահաստատում է աջակցությունը մշակութային բազմազանությանը` որպես մարդկության քաղաքակրթության անբաժանելի մաս: Մենք ապահովում ենք կայուն զարգացման երաշխիքներ, և այդ առումով շատ կարևոր է, որ այս խորհրդաժողովին մասնակցում էին նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարները:
Հայաստանը դատապարտում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող մշակութային ցեղասպանությունը. մեկ անգամ ևս «ոչ» ենք ասում ահաբեկչություններին, մշակութային այս կամ գերակայությանը: Այսպիսի հավաքները շատ կարևոր են և իմի են բերում տարբեր ազգերի բարի մղումները, նպատակներն ու գաղափարները: Շնորհակալություն եմ հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ աջակցեց այս խորհրդաժողովն անցկացնել Երևանում, շնորհակալություն Հայաստանի կառավարությանը, ազգային հանձնաժողովին, բոլոր ենթակառուցվածքներին ու կազմակերպություններին, որոնց օգնությամբ այս նախաձեռնությունը կյանքի կոչվեց»:
Կոնֆերանսի արդյունքների ամփոփմանը հաջորդել է հռչակագրի ընդունումը, որը համահունչ էր կոնֆերանսի հայեցակարգին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի դավանած սկզբունքներին: