«Իսլամական պետությանը», ենթադրաբար, հաջողվել է իրենով անել քաղավիացիայի երկու օդաչուի
Ավստրալական ոստիկանությունը տեղեկություններ է հաղորդել, ըստ որոնց «Իսլամական պետությանը» ենթադրաբար հաջողվել է իր կողմը գրավել ինդոնեզացի քաղաքացիական երկու օդաչուի: Ոստիկանությունն այդ տպավորությունն է ստացել երկու օդաչուների՝ սոցիալական ցանցերում արած գրառումների պատճառով: Նրանք իրենց դրական մեկնաբանություններն են թողել «Իսլամական պետության» զինյալների լուսանկարների տակ:
Այս տարվա մարտին օդաչուներից մեկը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ գտնվում է սիրիական Ռաքքա քաղաքում, որը խալիֆաթի երկրպագուների հենակետերից է: Ինդոնեզական AirAsia ավիաընկերությունը, որտեղ աշխատում էր օդաչուներից մեկը, Russian today հեռուստաընկերությանը տեղեկացրել է, որ նա այլեւս իրենց մոտ չի աշխատում: Մյուսը, որ Premiair ավիաընկերության աշխատակից է, աշխատանքից հեռացվել է այս տարվա մարտին: Երկու օդաչուների անուններն էլ չեն հրապարակվում: