211652_close_icon
views-count762 դիտում article-date 22:07 29-06-2015

«Հայկական օր» խորագրով միջոցառում Լեհաստանի Պրուշկով քաղաքում

Հունիսի 28-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Լեհաստանի հայկական հիմնադրամի, «Դուլագ»-ի թանգարանի նախաձեռնությամբ և Լեհաստանում Հայաստանի դեսպանության պատվո հովանու ներքո՝ Վարշավայի արվարձանում գտնվող Պրուշկով քաղաքի «Դուլագ»-ի թանգարանում կայացավ «Հայկական օր» խորագրով միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, «Դուլագ»-ի թանգարանի տնօրենը, Պրուշկովի քաղաքային իշխանությունների պատասխանատուներ, լեհ-հայկական առևտրական պալատի անդամ, Հայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Մարթա Ակցենտովիչ-Բոհոսևիչը, լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, լեհ մտավորականներ և լրագրողներ: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը և «Դուլագ»-ի թանգարանի տնօրենը: Դեսպան Ղազարյանն իր շնորհակալությունը և գոհունակությունը հայտնեց գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար, որը կծառայի հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդմանը: Միջոցառման ընթացքում «1915թ. հայերի ցեղասպանությունը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ օրվա բանախոս, պրոֆեսոր Քշիշտով Յաբլոնկին: Նա մանրամասնությամբ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը և պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին: Այնուհետև տեղի ունեցավ «The BlueBook: Evidence of Armenian Genocide» («Կապույտ գիրք. ապացույց հայոց ցեղասպանության») բրիտանական «Ballista» ֆիլմարտադրության կողմից նկարահանված վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառման շրջանակներում բացվեց Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերի հիման վրա պատրաստված «Հայոց ցեղասպանություն՝ 20-րդ դարի մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» խորագրով ցուցահանդեսը, որը մեկ ամիս շարունակ բաց կլինի «Դուլագ»-ի թանգարանի այցելուների համար:

Նմանատիպ նյութեր