1044 դիտում
18:54 29-06-2015
Նախագահն ընդունել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին:
Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ԱՄՀ գործունեությունը Հայաստանում, ընդգծելով, որ հիմնադրամի հետ երկար տարիների համագործակցության արդյունքում մեր երկրում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, և տնտեսության մեջ արձանագրված հաջողությունները մեծապես պայմանավորված են նաև այդ փոխգործակցությամբ:
Սերժ Սարգսյանը կարևորել է ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման արդյունքների հաստատումը: Նախագահի համոզմամբ, այդ ծրագրի սահուն ընթացքը ոչ միայն ֆինանսական միջոցների մասնաբաժնի ստացման խնդիր է լուծում, այլ նաև ազդարարում է ծրագրի ներքո ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացման և դրա հաշվին բարեփոխումների գործընթացի շարունակականության մասին:
Մասուդ Ահմեդը ևս բարձր գնահատելով Հայաստանի հետ ԱՄՀ համագործակցությունը՝ ընդգծել է, որ հիմնադրամն այսուհետ էլ իր փորձով և գիտելիքներով Հայաստանի կողքին կլինի և կաջակցի առկա խնդիրների լուծման և մարտահրավերների դիմակայման գործում, քանի որ ԱՄՀ-ն տարիներ ի վեր եղել և մնում է Հայաստանի գործընկերը: Նշելով, որ պայմանավորված ինչպես Եվրոպայի, այնպես էլ տարածաշրջանի անբարենպաստ զարգացումներով՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար բազմաթիվ դժվարություններ և նոր մարտահրավերներ կան, ԱՄՀ ներկայացուցիչը հետաքրքրվել է հատկապես միջնաժամկետ հատվածում երկրի զարգացման տեսլականի, ՀՀ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների ու զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ ՀՀ Նախագահի տեսակետներով:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է գործարար միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ աշխատանքը: Մասուդ Ահմեդը հույս է հայտնել, որ Հայաստանը՝ պահպանելով մակրոտնտեսական ցուցանիշները շրջահայաց կերպով կառավարելու ավանդույթը և հայ ժողովրդի ձեռներեց ու ստեղծագործ ոգին կապիտալի վերածելու ջանքերը, այս ժամանակահատվածում ևս կկարողանա հաղթահարել առկա օբյեկտիվ դժվարությունները:
Նմանատիպ նյութեր
1074 դիտում
21:54 29-06-2015
Վարչապետն ընդունել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենին
721 դիտում
19:25 01-09-2023
Ֆինանսների նախարարը հանդիպել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի հետ
1702 դիտում
18:23 20-08-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին
Այս բաժնից
1498 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
937 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am