1486 դիտում
14:12 19-06-2015
Երեւանի որոշ համատիրությունների աշխատանքը գնահատվել է անարդյունավետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, օրենքով սահմանված բազմաբնակարան շենքերի պարտադիր նորմերի պահպանման ընդհանուր վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, ստեղծել են համապատասխան հանձնաժողովներ` դրանց կազմերում ընդգրկելով նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին:
Հանձնաժողովները տարեսկզբից մինչ օրս մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացրել 58 համատիրություններում և, ըստ այդմ, մի քանի չափանիշներով գնահատել կատարված աշխատանքը: Ուսումնասիրության արդյունքները, անելիքներն ու հետագա ռազմավարությունը քննարկվել են աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, համատիրությունների նախագահները, ինչպես նաև քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցներ:
Մեկ առ մեկ քննարկվել են հանձնաժողովների կատարած ստուգայցերի ուղղություններն ու բաղադրիչները՝ ներառյալ տարեկան ակնկալվող հաշվարկային գումարները, պարտադիր նորմերով սահմանված աշխատանքների և համատիրությունների պահպանման ծախսերի համամասնությունը: Առանձին դեպքերում իջեցվել են այն գնահատականները, որոնք տրվել էին համատիրություններին` ելնելով հանձնաժողովների ստուգումների արդյունքներից:
Որոշ համատիրությունների աշխատանքը գնահատվել է անարդյունավետ, ինչից ելնելով, վարչական շրջանների ղեկավարներին տրվել է հանձնարարական՝ կազմակերպչական և կառուցվածքային փոփոխություններ կազմակերպելու ուղղությամբ: Կամո Արեյանը հատկանշել է, որ համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը վերջին տարիներին թեև գործնականում դրական տեղաշարժ են արձանագրում, ու այդ առումով կան բազմաբնակարան շենքերի կառավարման բազմաթիվ օրինակելի համատիրություններ, սակայն ընդհանուր արդյունքը դեռ գոհացուցիչ չէ, ինչը երբեմն հարուցում է քաղաքացիների արդարացի դժգոհությունը:
«Քաղաքային իշխանություններն այսուհետ ևս հնարավորին աջակցելու են համատիրություններին` ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելու պարտադիր պայմանով: Մենք այլընտրանք չունենք, մեր բակերի գերակշիռ մասն արդեն բարեկարգ է ու գեղեցիկ, սակայն, դրան զուգահեռ, հարակից բազմաբնակարան շենքերում դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնց լուծումը իրագործելի կլինի միայն հոգատար ու սրտացավ վերաբերմունքի և համախմբված ջանքերի դեպքում: Մենք իրավունք չունենք չարդարացնելու մեր բնակիչների սպասելիքները, հատկապես, որ նրանց մեջ շատ են պարտաճանաչ վճարումներ կատարող քաղաքացիները: Համատիրությունների հարգելի նախագահներ ու կառավարիչներ, լավն ու օրինակելին մշտապես կխրախուսվի, իսկ ովքեր կփորձեն թերանալ, կամ անլուրջ մոտեցում ցուցաբերել, բնակիչների դժգոհության հետևանքով հրավիրված ժողովներից հետո ստիպված կլինեն իրենց տեղը զիջելու ավելի գործունյա ու բարեխիղճ գործընկերներին: Ի վերջո, մեր գերագույն նպատակը երևանցիների համար բնակության հաճելի միջավայր ապահովելն է» ,- նշել է Կամո Արեյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան հանձնաժողովներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում շտկել նկատված և արձանագրված թերությունները, իրականացնել կանխատեսվող գումարների գնահատականների մանրամասն վերլուծություն, մանրակրկիտ հետևել արված գործի որակին ու ծախսերի արժանահավատությունը, հատուկ ուշադրություն դարձնել վերելակների անխափան և անվտանգ շահագործմանը, հարկաբաժիններում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում իրականացված աշխատանքներին` առանձին դեպքերում նվազեցնելով համատիրությունների պահպանմանն ուղղված ծախսերը և խնայված միջոցները նպատակաուղղել բաժնային սեփականություն հանդիսացող այլ աշխատանքի իրագործմանը: Հատուկ կարևորվել է կատարված աշխատանքի պարբերական հաշվետվությունը բնակիչներին տրամադրելու անհրաժեշտությունը:
Կամո Արեյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ոլորտը քաղաքային իշխանությունների մշտական վերահսկողության ներքո է լինելու:
Մինչ այդ, անկախ հանձնաժողովը յուրաքանչյուր վարչական շրջանում ընտրանքային կարգով կրկնակի ուսումնասիրություններ կանցկացնի առանձին համատիրություններում: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը վսատհեցրել է, որ 2015 թվականը, համատիրությունների գործառույթների իրականացման և բարելավման առումով, բեկումնային է լինելու: Տարվա ընթացքում վարչական շրջաններում գործող հանձնաժողովների աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
Նմանատիպ նյութեր
5288 դիտում
17:03 30-01-2019
Երեւանի քաղաքապետարանում ամփոփվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի վարչության 2018 թ. կատարված աշխատանքը
1350 դիտում
17:52 19-10-2015
Հանձնարարվել է խստորեն վերահսկել համատիրությունների աշխատանքը
Այս բաժնից
1492 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
688 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ