826 դիտում
21:23 17-06-2015
Այսօրվանից մեկնարկել է պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօրվանից կմեկնարկի պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը:
Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, դատավորներ, փաստաբանական համայնքի, պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Արդարադատության նախարարն, անդրադառնալով Պրոբացիայի ծառայության գաղափարական և ինստիտուցիոնալ ասպեկտներին, ընդգծել է, որ Կառավարության քրեական քաղաքականության մեջ այն կարևորագույն սկզբունքն է: Ըստ նրա՝ եվրոպական երկրների փորձի վերլուծությունը վկայում է, որ ոչ բոլոր դեպքերում է քրեորեն պատժելի արարք կատարած անձի ազատազրկումը ծառայում սոցիալական արդարության վերականգնման, դատապարտյալի ուղղման և կրկնահանցագործության կանխարգելման նպատակին: «Վերականգնողական արդարադատության գաղափարախոսության համաձայն՝ շատ դեպքերում պատժի նպատակներին կարելի է հասնել անձին չզրկելով ազատությունից, այլ նրա նկատմամբ նշանակված պատիժը կիրառել հասարակությունում՝ սահմանելով հսկողություն և իրականացնելով սոցիալական ու վերականգնողական ծրագրեր»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Նախարարի խոսքով՝ կարևոր է ճիշտ նախապատրաստվել պրոբացիայի համակարգի ադապտացիոն շրջանին, որպեսզի ոլորտի աշխատողները առավելագույնս պատրաստված լինեն, ձեռք բերեն անձնական հմտություններ և ունակություններ:
Ծառայության արդյունավետ գործարկման և սահմանված նպատակին հասնելու համատեքստում Հովհաննես Մանուկյանն առանձնացրել է երկու կարևորագույն բաղադրիչ՝ օրենսդրական մակարդակում խնդրի ճիշտ ձևակերպում և օրենքի գրագետ կիրարկում՝ անհրաժեշտ քաղաքական կամքի դրսևորմամբ:
Ըստ նրա՝ Պրոբացիայի ծառայության փորձարկման միջոցով դրվում է ինստիտուցիոնալ այն կառույցի հիմնաքարը, որը նպաստելու է համակարգի ստեղծմանը: Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին, ԵԽ հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին և Նորվեգիայի կառավարությանը՝ Պրոբացիայի ծառայության ներդրման և Արդարադատության նախարարության այլ նախաձեռնություններին աջակցելու համար: «Ջանքերը համատեղելու անհրաժեշտություն կա և՛ միջազգային գործընկերների, և՛, հատկապես, քաղաքացիական հասարակության հետ, որոնց աջակցությունը ես սկզբունքային եմ համարում: Մեր ժողովուրդը պատրաստված և գրագետ ժողովուրդ է, ուստի չպետք է վախենալ բարեփոխումներից և առաջ շարժվելուց»,-եզրափակել է նախարարը:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության փուլերը՝ մինչդատական, դատական, պենիտենցիար և հետպենիտենցիար՝ հավելելով, որ քրեակատարողական ծառայության 20 աշխատակից արդեն անցել է համապատասխան վերապատրաստում: Ըստ փոխնախարարի՝ պիլոտային ծրագիրն էլ է փուլերով իրականացվելու, որտեղ ամենամեծ ծավալը պենիտենցիար փուլում է լինելու: «Ուսումնասիրել ենք եվրոպական փորձը՝ պարզից մինչև ամենաբարդ հարաբերություններ՝ սկսած՝ ինչպե՞ս է աշխատակիցը բարևում, դիմում պատիժը կրողին, մինչև աշխատանքի տեղավորման և այլ հարցերում խորհրդատվություն տրամադրելու ձևերն ու մեթոդները»,- եզրափակել է Սուրեն Քրմոյանը:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը կատարած աշխատանքի համար և ընդգծել որակյալ մասնագետներ ու հոգեբաններ ունենալու անհրաժեշտությունը:
Նա կարևորել է նախնական փուլում փորձնական կառույցներ ստեղծելու գաղափարը՝ միևնույն ժամանակ կոչ անելով չսահմանափակվել միայն միջազգային փորձով ու հաշվի առնել նաև հայաստանյան իրականությունը:
Նշենք, որ Պրոբացիայի ծառայության պիլոտային փուլում կիրառվելու են էլեկտրոնային հսկողության միջոցներ և գործարկվելու է էլեկտրոնային մոնիթորինգի համակարգը: ՀՀ Նախագահի կողմից հաստատված 2012-2016 թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի համաձայն՝ Արդարադատության նախարարության կազմում քրեակատարողական ծառայությունից անկախ ստեղծվելու է Պրոբացիոն ծառայություն:
Նմանատիպ նյութեր
647 դիտում
16:19 17-06-2015
Մեկնարկեց պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը
1136 դիտում
18:36 21-10-2015
Քննարկման սեղանին է դրվել «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթները
988 դիտում
22:57 03-06-2024
Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը
Այս բաժնից
526 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
427 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
640 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am