211652_close_icon
views-count650 դիտում article-date 16:19 17-06-2015

Մեկնարկեց պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօրվանից կմեկնարկի պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը: Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, դատավորներ, փաստաբանական համայնքի, պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Արդարադատության նախարարն, անդրադառնալով Պրոբացիայի ծառայության գաղափարական և ինստիտուցիոնալ ասպեկտներին, ընդգծել է, որ Կառավարության քրեական քաղաքականության մեջ այն կարևորագույն սկզբունքն է: Ըստ նրա՝ եվրոպական երկրների փորձի վերլուծությունը վկայում է, որ ոչ բոլոր դեպքերում է քրեորեն պատժելի արարք կատարած անձի ազատազրկումը ծառայում սոցիալական արդարության վերականգնման, դատապարտյալի ուղղման և կրկնահանցագործության կանխարգելման նպատակին: «Վերականգնողական արդարադատության գաղափարախոսության համաձայն՝ շատ դեպքերում պատժի նպատակներին կարելի է հասնել անձին չզրկելով ազատությունից, այլ նրա նկատմամբ նշանակված պատիժը կիրառել հասարակությունում՝ սահմանելով հսկողություն և իրականացնելով սոցիալական ու վերականգնողական ծրագրեր»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: Նախարարի խոսքով՝ կարևոր է ճիշտ նախապատրաստվել պրոբացիայի համակարգի ադապտացիոն շրջանին, որպեսզի ոլորտի աշխատողները առավելագույնս պատրաստված լինեն, ձեռք բերեն անձնական հմտություններ և ունակություններ: Ծառայության արդյունավետ գործարկման և սահմանված նպատակին հասնելու համատեքստում Հովհաննես Մանուկյանն առանձնացրել է երկու կարևորագույն բաղադրիչ՝ օրենսդրական մակարդակում խնդրի ճիշտ ձևակերպում և օրենքի գրագետ կիրարկում՝ անհրաժեշտ քաղաքական կամքի դրսևորմամբ: Ըստ նրա՝ Պրոբացիայի ծառայության փորձարկման միջոցով դրվում է ինստիտուցիոնալ այն կառույցի հիմնաքարը, որը նպաստելու է համակարգի ստեղծմանը: Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին, ԵԽ հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին և Նորվեգիայի կառավարությանը՝ Պրոբացիայի ծառայության ներդրման և Արդարադատության նախարարության այլ նախաձեռնություններին աջակցելու համար: «Ջանքերը համատեղելու անհրաժեշտություն կա և՛ միջազգային գործընկերների, և՛, հատկապես, քաղաքացիական հասարակության հետ, որոնց աջակցությունը ես սկզբունքային եմ համարում: Մեր ժողովուրդը պատրաստված և գրագետ ժողովուրդ է, ուստի չպետք է վախենալ բարեփոխումներից և առաջ շարժվելուց»,-եզրափակել է նախարարը:

Նմանատիպ նյութեր