211652_close_icon
views-count1255 դիտում article-date 21:26 16-06-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջեյմս Կացը և Գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության հետագա հեռանկարները: Ընդգծելով հատկապես «Մաքուր էներգիա և ջուր», «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառմանը», ինչպես նաև «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին» ծրագրերի բարեհաջող ընթացքն ու արդյունավետությունը` նախարար Սերգո Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այդ ծրագրերը մեծապես նպաստում են Հայաստանի ագրարային ոլորտի զարգացմանն ու համայնքների բարեկեցության բարձրացմանը: Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, մատնանշել առաջնահերթությունները: Անդրադառնալով ոլորտի առկա խնդիրներին` նախարարը, մասնավորապես, շեշտել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, ձկնաբուծարաններում արդիական ռեսուրսախնայող և արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը: Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է մի շարք ձկնաբուծարաններում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող պիլոտային ծրագրերի իրականացման կարևորությունը: «Գյուղատնտեսության ոլորտի մի շարք ճյուղերում առկա են հնարավորություններ ոչ միայն կրկնապատկել, այլև եռապատկել արտադրության ծավալները, ինչը կհանգեցնի նաև արտահանման ծավալների ավելացմանը», - նշել է իր խոսքում նախարարը: Միաժամանակ Սերգո Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ տարբեր ոլորտներում, այդ թվում նաև` գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնումն ու եվրոպական շուկա մրցունակ գյուղմթերքի արտահանումը: Իր հերթին պարոն Կացը հավաստիացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող երկկողմ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: Նա նաև հնարավոր է համարել հետագայում ընդլայնել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը` ելնելով ոլորտի առաջնահերթություններից:

Նմանատիպ նյութեր