211652_close_icon
views-count1574 դիտում article-date 21:26 18-03-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է բրուցելյոզի դեմ պայքարի համատեղ աշխատանքները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի կազմում էին Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանը, Անասնաբուժական և առողջապահական կենտրոնի տնօրեն Բես Փիերսը : Վալերի Ռագանը հայտնել է, որ պատվիրակության անդամները երկշաբաթյա այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել ոլորտի պատասխանատուների հետ, մասնավորապես քննարկվել են կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր: «Մենք մեծապես կարևորում ենք հանրապետությունում կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ տարվող պայքարի արդյունավետ միջոցների կիրառումը, և այս հարցում հատկապես գնահատելի է ձեր աջակցությունն ու համատեղ աշխատանքը հայ մասնագետների հետ», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես կարևորել են լաբորատորիաների վերազինման և արդիականացման, նորագույն տեխնիկայով համալրված սպանդանոցների ստեղծման, մասնագետների վերապատրաստման հարցերը: Տիկին Ռագանը նշել է նաև, որ Հայաստանում իրականացված աշխատանքների արդյունքում հայ մասնագետների հետ համատեղ նախատեսվում է մշակել կենդանիների բրուցելյոզ հիվանդության վերահսկման համալիր ծրագրի նախագիծ, որը կնպաստի այդ հիվանդության ախտորոշման ու կանխարգելման աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը: Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է կենդանիների հիվանդությունների վերացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացումը` այդ ենթատեքստում բարձր գնահատելով պատվիրակության և հայ մասնագետների միջև համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր