ՕԵԿ-ը պատրաստվում է քաղաքական վերափոխում իրականացնել
Օրինաց երկիր կուսակցությունը պատրաստվում է քաղաքական տրանսֆորմացիա իրականացնել եւ ստեղծել նոր որակի քաղաքական միավոր: Այս մասին այսօր ԱԺ-ի ճեպազրույցի ժամնակ ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նրա խոսքով՝ աշնանը ՕԵԿ-ը քաղաքական վերափոխում կիրականացնի: Ավելին, այդ նախաձեռնության շրջանակում ստեղծված «Հայկական վերածնունդ» միությունն արդեն իր մեջ ներառել է տասնյակ հասարակական կազմակերպությունների:
Խոսելով ID քարտերով ընտրություններ անցկացնելու մասին՝ նշեց, որ ընտրություններից առաջ դրանք բաժանվել են մարդկանց: Հետեւաբար, արձանագրեց, որ հաղթողները հաղթեցին այդ քարտերի օգնությամբ, որը համարում է ընտրական օրենսգրքի խախտում:
Հիշեցրեց նաև, որ այդ մասին ասել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: «Պետք է ամեն ինչ արվի՝ օրենսդրական հարթակում խնդիրը լուծելու համար: Կարծում եմ, որ որևէ քաղաքական ուժ թույլ չի տալու, որ այդ երևույթը շարունակվի»,- ավելացրեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը: