Էրդողանը խախտել է ընտրություններում նախագահի՝ անկողմնակալության մասին սահմանադրական հոդվածը. ԵԱՀԿ
ԵԱՀԿ դիտորդները հայտարարել են, որ չնայած Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները համարվել են կայացած, այդուհանդերձ, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտել է Սահմանադրության՝ նախագահի կողմից անկողմնակալության պահպանման մասին հոդվածը՝ մասնակցելով նախընտրական քարոզարշավների:
Հունիսի 8-ին Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսում նրանք գնահատական են տվել ընտրություններին՝ ասելով, որ դրանք կազմակերպված են եղել բարձր մակարդակով, սակայն Էրդողանը սահմանափակել է ԶԼՄ-ների ազատությունը: ԵԱՀԿ դիտորդների ամբողջական զեկույցը պատրաստ կլինի 2 ամսից:
«Չնայած, որ Սահմանադրությունը պարտավորեցնում է լինել անկուսակցական, նա մասնակցել է մի շարք նախընտրական քարոզարշավների միջոցառումների՝ քննադատելով ընդդիմադիրներին: Այն ժամանակ, երբ Թուրքիայում գործում է բազմակարծության համակարգը, խոսքի ազատ արտահայտման սահմանափակումը մասամբ խաթարեցին արդար ընտրությունները»:
Դիտորդները կոչ են արել թուրքական խորհրդարանին վերանայել 10%-անոց ընտրական շեմը: