Կիևում հունիսի 10-14-ը հայտարարվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Կիևում հունիսի 10-14-ը հայտարարվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Մայրաքաղաքի մոտակայքում տեղակայված նավթաբազայում երեկ ուժեղ հրդեհ է բռնկել, ինչի հետևանքով զոհվել է 2, տուժել` 14 հրշեջ:
Սկզբում բոցավառվել է նավթի մեկ ամբար, այնուհետև կրակը տարածվել է ևս 8-ի վրա:
Հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել: Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալով, քննարկվում է հրդեհի առաջացման 2 վարկած` նավթամթերքի պահպանման կանոնների խախտում և միտումնավոր հրկիզում: Նավթաբազայի հարևանությամբ տեղակայված է զորամաս, որտեղից տարհանում է իրականացվել:
Ի դեպ, բնապահպաններն ահազանգում են շրջակա միջավայրի աղտոտման մասին` զգուշացնելով, որ հրդեհի հետևանքերը սպառնում են նաև մարդկանց առողջությանը: