211652_close_icon
views-count53158 դիտում article-date 18:23 08-06-2015

Լույս իջնի շիրիմներիդ, տղերք ջան. ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ցավակցական խոսքը` ողբերգական վթարի անմեղ 7 զոհերին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել հունիսի 6-ին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում 7 երիտասարդների մահվան կապակցությամբ:  Պատգամավորի ցավակցական խոսքում ասված է. Անչափելի է բոլորիս վիշտը… Այսօր հուղարկավորեցինք յոթ երիտասարդ տղաների, յոթ օջախների զավակների: Ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, ինքս էլ մեծ ցավ եմ ապրում, , անհուն կսկիծ եմ ապրում յուրաքանչյուր երիտասարդի կորստի, նրանց չապրված տարիների համար… Արմանն աչքերիս առջև է մեծացել՝ բարուրից մինչ չարաբաստիկ այդ օրը, մեծացել է զավակներիս հետ: Աչքերիս առջև են մեծացել նաև մյուս երիտասարդները, նրանց ևս ճանաչում եմ մանկուց: Ու ամեն անգամ Տաշիր այցելելիս, երբ հանդիպում էի այդ երիտասարդներին, անկեղծ ուրախանում էի, որ գալիս է հիանալի սերունդ, որ ունենք հոյակապ երեխաներ, ովքեր արժանիորեն փոխարինելու են ավագներիս… Ավաղ, բնությունը դաժան գտնվեց բոլորիս հանդեպ: Նրանցից յուրաքանչյուրն իմ սրտում իր անկյունն ուներ, ու հիմա այնտեղ այրող վերքի պես ցավ է ու կսկիծ: Այսօր ես ֆիզիկապես կարողացա մասնակցել միայն մեկ երիտասարդի հուղարկավորությանը, սակայն թե մտքերով, թե հոգով ու սրտով բոլորի հետ էի, բոլորի ընտանիքների ու հարազատների հետ, իսկ իմ ընտանիքի անդամները կարողացել են այցելել բոլորին… Ինքս էլ դեռ կայցելեմ, իսկ հիմա ուղղակի ուզում եմ ցավակցել բոլոր տղաների ընտանիքներին, նրանց հարազատներին, մտերիմներին ու ճանաչողներին: Իրապես խոսքեր չկան ոչ մխիթարելու, ոչ վշտակցելու համար, ապրումներն ու ցավը բոլորիս սրտերում են: Միայն շատ կցանկանայի, որ բոլոր այդ ընտանիքներն ուժեղ լինեն, կորովի, ու ոչ ոք երբեք անիմաստ չհամարի իր ապրելիք տարիները: Որդեկորույս ծնողի վշտից խոր երևի թե ոչինչ չկա, բայց հավատում եմ, որ նրանք ամուր կգտնվեն՝ առաջին հերթին վառ պահելու տղաների հիշատակը, ապրելու նրանց համար, ապրելու իրենց մյուս երեխաների համար: Որքան էլ դաժան, որքան էլ սարսափելի, սակայն ուզենք, թե չուզենք, ստիպված ենք առաջ նայել: Առաջ նայել՝ հավետ հիշելով ու հիշատակելով: Ցավակցում եմ նաև բոլոր տաշիրցիներին: Իմ հայրենի եզերքում այս օրերին անպատկերացնելի վիշտ է: Բայց հավատում եմ, որ ինչպես մեր ժողովուրդն է դարեր շարունակ տառապանքներից վեր հառնելու, մոխիրներից փյունիկվելու ուժ գտել իր մեջ, այնպես էլ մենք կկարողանանք հաղթահարել ծանրագույն այս վիշտը: Հաղթահարել՝ դարձյալ պարտք ունենալով մեր զոհերի հիշատակի առջև: Լույս իջնի շիրիմներիդ, տղերք ջան… ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյան Ինչպես վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/06/55474/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Գետավան գյուղի խաչմերուկում, Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել և այն վերածվել էր մոխրակույտի: Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի հետևանքով վարորդն ու 6 ուղևորները տեղում մահացել էին, դիերն ամբողջովին մոխրացած էին: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժինների օպերատիվ խմբերը՝ Լոռու մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի և Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի և Տաշիրի քննչական բաժինների քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և Ստեփանավանի քննչական բաժնի պետ Արամ Ավագյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագետները: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի և 5-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին՝ մահացածներն էին՝ Տաշիր քաղաքի բնակիչ, 21-ամյա Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, սակայն փաստացի Տաշիր քաղաքում բնակվող, 22-ամյա Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Գևորգ Արթուրի Պողոսյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Արման Հրաչյայի Տոնոյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 22-ամյա Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 22-ամյա Արթուր Հարությունի Բալյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի վայր էր ժամանել նաև Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր