211652_close_icon
views-count639 դիտում article-date 18:23 08-06-2015

ԼՂՀ կառավարությունը 2015-2017թթ. Գործունեության ծրագիրն ուղարկել է ԱԺ-ի քննարկման

Հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նիստում կառավարության անդամների հավանությանն է արժանացել գործադիր մարմնի 2015-2017թթ. գործունեության ծրագիրը, որը պետք է ներկայացվի նորընտիր ԱԺ-ի քննարկմանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, իր խոսքում շեշտել է, որ այն մշակվել է պետական կառավարման մարմինների՝ ոլորտային քաղաքականությունների վերաբերյալ առաջարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներով և հաշվի առնելով նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները: Առաջարկվող ծրագրով կառավարությունը նախատեսում է շարունակել իր գործունեությունը՝ ուղղված հնգամյա գործունեության համար հռչակած հետևյալ 4 գերակայությունների իրագործմանը. 1. Տնտեսական զարգացում և աճի կայուն տեմպերի ապահովում. 2. Առողջ, կիրթ, զարգացած և հայրենասեր հասարակության կայացում, նրա բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ապահովում. 3. Արցախի պետականաշինությունը և պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացում. 4. ԼՂՀ միջազգային ճանաչում և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորում: «Հաշվի առնելով ներկա իրողությունները, երկրի ներքին և արտաքին միջավայրի զարգացումներն ու մարտահրավերները՝ կառավարությունը, որոշակի ճշգրտում մտցնելով գործունեությունից ակնկալվող նախանշված արդյունքներում, ծրագրել է առաջիկա երեք տարվա գործունեության մի շարք արդյունքներ»,- հավելել է Լ. Գրիգորյանը՝ ներկայացնելով դրանցից որոշները: Ա. Հարությունյանն իր խոսքում նշել է. «Կառավարության ծրագիրը, որը սկիզբ է դրվել 2007 թվականին և որոշակի չափով փոփոխվել 2012-ին, ԱԺ-ի առաջիկա նիստի հաստատմանն է ներկայացվելու առանց արմատական փոփոխության՝ ակնկալելով պատգամավորների աջակցությունը կառավարության վստահության հարցում: Այդ ծրագրով է գործադիրը առաջնոդվելու մինչև 2017 թվականը՝ ապահովելով սկսված աշխատանքների շարունակականությունը»: Աժ կներկայացվեն նաև ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն արժանացել է նիստի մասնակիցների հավանությանը: Նախագծերի ընդունմամբ կսահմանվի Ազգային ժողովի՝ արդեն մշտական հիմունքներով գործող պատգամավորների վարձատրության պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը: Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում նոր` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի ավելացմամբ, ինչպես նաև այդ պաշտոնի համար վարձատրության պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի նախատեսման նպատակով:

Նմանատիպ նյութեր