211652_close_icon
views-count3378 դիտում article-date 10:37 06-06-2015

«Բարսելոնա»-«Յուվենտուս». Ո՞վ կգրավի այսօր Բեռլինը

Ահա եւ եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի օրը: Տարվա գլխավոր, կարեւորագույն, ամենասպասված խաղը` «Բարսելոնա»-«Յուվենտուս»: Ֆուտբոլային աշխարհը արդեն քանի օր է, միայն այս խաղի մասին է խոսում: ՖԻՖԱ-ի սկանդալներն արդեն ոչ մեկին չեն հետաքրքրում: Եվ ի՞նչ սկանդալների մասին է խոսքը, երբ խաղալու են աշխարհի երկու ուժեղագույն ակումբները, որոնք այս մրցաշրջանում դեռ ոչ մեկին տիտղոս չեն զիջել: Երկու թիմն էլ նվաճել են իրենց երկրի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսը: Սակայն այդ տիտղոսները թերի կլինեն առանց ամենակարեւոր գավաթի` Չեմպիոնների լիգայի: Ու այսօր թիմերից մեկին է միայն այդ գավաթը հանձնվելու, միայն մեկն է համարվելու ուժեղագույնը, առաջինը` հավասարների մեջ: Թիմերը հանդիպմանը մոտենում են բարձր տրամադրությամբ, հանգստացած, թարմացած, ամբողջությամբ խաղին տրամադրված: Կանխատեսումները, սակայն, այս անգամ այնքան էլ բազմազան չեն. «Բարսելոնան» բացահայտ ֆավորիտ է համարվում: Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Նախ, այժմ կատալոնական ակումբը գտնվում է իր մարզավիճակի գագաթնակետում: Բոլոր մրցաշարերում «Բարսելոնան» ապրիլ-մայիս ամիսներին պարզապես ջախջախում էր մրցակիցներին: Թիմը խաղաոճը միանման չէ, տարբեր իրավիճակներում կատալոնացիները կարող են արագ փոխել մարտավարությունը, այս առումով նրանք բավական անկախատեսելի են: Խաղային օղակների միջեւ կապը հիանալի է գործում Բուսկետսի եւ վերջին շրջանում արդեն նաեւ Ռակիտիչի շնորհիվ: Բայց իհարկե, «Բարսելոնայի» գլխավոր ուժը հարձակողական «եռագլուխ վիշապն» է` Մեսի-Սուարես-Նեյմար: Առանց այօրվա խաղի, այս եռյակը մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով ռեկորդ սահմանեց` գերազանցելով հավերժ թվացող Ռոնալդու-Իգուաին-Բենզեմա եռյակի ցուցանիշը: Բայց նույնիսկ նման սարսափազդու վիշապն ունի իր գլխավոր գլուխը` Մեսին: Ինչպես ասում են` այժմ Մեսին խաղում է Աստծո ռեժիմով, կամ շարժիչով: Այժմ նա մոգական, ինչ որ տիեզերական մասշտաբի ֆուտբոլ է ցուցադրում: Իսպանիայի Գավաթի եզրափակիչում «Ատլետիկին» խփած նրա գոլը ցույց տվեց. նրան կանգնեցնելն գրեթե անհնար է: Նույնիսկ տուրինցիներն են հայտարարում, որ Մեսին կարծես այլմոլորակային լինի: Ինչ վերաբերում է «Յուվենտուսին». իհարկե, այն, որ թիմը հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, արդեն խոսում է այդ թիմի մակարդակի մասին: Թիմ, որը Իտալիայում ընդհանրապես մրցակից չունի: Որի կազմը հրաշալի է համալրված: Թիմ, որը Մասիմիլիանո Ալեգրին բոլորովին այլ խաղամակարդակի բարձրացրեց, եւ այսօրվա «Յուվենտուսը» շատ ավելի մրցունակ է եվրոպական մրցասպարեզում, քան` Անտոնիո Կոնտեինը: Ալեգրիին հաջողվեց «Յուվեին» ավելի շատ համարձակություն ներշնչել, նա թույլ է տալիս, որ տուրինցիները դուրս գան մարզչական սխեմաներից եւ դիմեն իմպրովիզացիայի, ստեղծագործեն, կանխատեսելի չլինեն, ինչպես Կոնտեի թիմն էր: Տուրինցիներն իրենց կազմում ունեն երկու աշխարհի չեմպիոն` մեծն Բուֆոնն ու մեծն Պիրլոն: Ունեն ընդգծված առաջատար` Վիդալը, ունեն թաքնված առաջատար` Պոգբան, ունեն Կառլոս Տեւես: Բայց, ցավոք, չունեն Կյելինի: Պաշտպանական գծի հրամանատարը վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը եւ դա շոշափելի կորուստ է: Կկարողանա՞ Ալեգրին ինչ որ կերպ այս կորուստը լրացնել, կիմանանք ժամեր անց: Մեզ մնում է միայն ասել, որ մինչեւ եզրափակիչ «Բարսելոնայի» ճանապարհը ավելի բարդ է եղել, սակայն կատալոնացիները բավական վստահ հաղթահարել են Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» արգելքները: «Յուվենտուսը» նման մրցակիցներ չի ունեցել. «Բորուսիա», «Մոնակո» եւ միայն «Ռեալը» կարող էր լուրջ մրցակից համարվել: Սա, այն մասին, թե ինչու է «Բարսան» հաղթողի անվիճելի ֆավորիտը: Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, «Բարսելոնա»-«Յուվենտուս» Հունիսի 6, Բեռլինի «Օլիմպաշտադիոն» մարզադաշտ, Երեւանի ժամանակով 22:45 Մրցավար Ջյունեթ Չաքըր (Թուրքիա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր