Հանրային իրազեկման աշխատաժողով Երևանում
Հունիսի 2-ին «Էրեբունի Պլազա» հյուրանոցում մեկնարկեց ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի կազմակերպած «ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով աշխատաժողովը:
Միջոցառման նպատակն է նախապատրաստել ամռանը կայանալիք շտաբային ուսումնավարժությունը: Կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ բոլոր նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, խոշոր մասնավոր ձեռնարկությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ներկա էին նաև ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի տարբեր նահանգների հանրային կապերի ղեկավարներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Աարոն Քամինգսը՝ մասնավորապես նշելով.
- Հանրային իրազեկումը կարևոր գործոն է աղետների կառավարման հարցում, և այստեղ հավաքված են այդ գործի հիմնական դերակատարները, որոնք էլ միասին աշխատելով պիտի հաղթահարեն այդ խնդիրները:
Բացման խոսքում ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակին՝ նշելով, որ նմանատիպ միջոցառուները արդյունքն են ՏԿԱԻՆ և դեսպանատան միջև ձևավորված ակտիվ և բեղուն համագործակցության.
-Աղետների դեմ պայքարի հարցում ՀՀ-ն մեծ առաջընթաց է գրանցել: Եթե 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից ժամանակ մենք չունեինք աղետների դեմ պայքարի հստակ մեխանիզմներ, և կար հանրային իրազեկման մեծ պակաս, ապա այսօր ոչ միայն արձագանքման միջոցներն են բարելավվել, այլև՝ մշակվում է կանխարգելման և աղետների ռիսկի նվազեցման քաղաքականություն: