775 դիտում
20:10 26-05-2015
Կառավարությունը երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր է ստորագրել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:
Մինչ ստորագրման պաշտոնական արարողությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է:
Այս համատեքստում 2014թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել
է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը, որի շրջանակում 2015 թվականից ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ:
Մենք մեծապես խրախուսում ենք պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցության սկզբունքով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը, ինչն էապես նպաստում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ կադրերի պատրաստմանը և կարողությունների հզորացմանը: Մենք բարձր ենք գնահատում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ մեր համագործակցությունը, որն սկիզբ է առնում դեռևս 2007 թվականից, երբ ստորագրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիրը, ինչի արդյունքում ապահովվում է համաշխարհային առաջատար ընկերության կուտակած գիտելիքների և փորձի հասանելիությունն ու կիրառումը Հայաստանում։
«Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ Հայաստանում հիմնված Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, որը 2012 թվականին ճանաչվեց աշխարհի 4 լավագույն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոններից մեկը, ապահովում է գիտելիքների սահուն փոխանցում՝ ուսումնական դասընթացների, գործնական սեմինարների իրականացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին նյութատեխնիկական աջակցության տրամադրման միջոցով: Մենք հատկապես կարևորում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Մայքրոսոֆթ» տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը և ՀՀ կրթական հաստատություններին արտոնյալ պայմաններով «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային ամբողջական փաթեթների տրամադրումը:
Այսօր «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության պայմանագրերի ստորագրումն էլ ավելի կնպաստի երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը և տարածաշրջանում Հայաստանի` որպես նորարարական տեխնոլոգիական լուծումներ առաջարկող և մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող երկրի վարկանիշի բարձրացմանը: Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով տեխնոլոգիական լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնումն էապես կնպաստի Հայաստանի կայուն դիրքավորմանը տարածաշրջանում` որպես բջջային հավելվածների մշակման, «ամպային» և անվտանգության ոլորտներում նորագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր, իսկ «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ Հայաստանում կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումը, իր հերթին, կխթանի ՀՀ պաշտպանության համակարգում նորագույն տեխնոլոգիական լուծումների մշակումն ու ներդրումը` ապահովելով տվյալների հասանելիությունը, կիբերհարձակումներին դիմակայելու համար հայ մասնագետների վերապատրաստումը և տեղեկատվության
փոխանակումը։
Այսօր ստորագրվող պայմանագրերը նոր հիմք կհանդիսանան ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության էլ ավելի սերտ համագործակցության համար, և վստահ եմ, որ այն կլինի փոխշահավետ և շարունակական` ի շահ Հայաստանի ու «Մայքրոսոֆթ» ընկերության` ապահովելով տեղական հզոր տեխնոլոգիական ներուժի զարգացումն ու ինտեգրումը համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների գործընթացներին: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ ՀՀ կառավարությունում, և մեր պատրաստակամությունն եմ հայտնում շարունակելու և զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը»:
Համագործակցության հուշագրով նախատեսվում է համագործակցել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նորարարության ոլորտներում:
Նախատեսվում է նաև Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի հենքով Հայաստանում «ամպային» և բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, որը հնարավորություն կընձեռնի տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին մշակել ծրագրային լուծումներ` օգտագործելով «Մայքրոսոֆթ» ընկերության նորագույն տեխնոլոգիաներն ու փորձը և բարձրացնել Հայաստանի մրցունակությունը ոլորտում:
Նմանատիպ նյութեր
1900 դիտում
15:23 19-01-2019
Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչների հետ
1062 դիտում
18:23 26-05-2015
Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության տարածաշրջանային նախագահին
Այս բաժնից
433 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
1240 դիտում
12:18 08-01-2025
Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում