1271 դիտում
16:51 23-05-2015
Կապանցի շրջանավարտների երազանքները՝ վառվող կանթեղներում
Մայիսի 22-ին Կապանի երկու ավագ, հինգ միջնակարգ դպրոցներում եւ մեկ հատուկ կրթահամալիրում 270 շրջանավարտ հրաժեշտ տվեց դպրոցին: Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկա էին բոլոր դպրոցների <<Վերջին դասի>> արարողությանը եւ աշակերտներին փոխանցեցին Կապանի քաղաքապետի շնորհավորական ուղերձն ու բոլոր շրջանավարտներին` նրա կողմից անվանական հուշանվերներ՝ քաղաքի խորհրդանիշներով:
Իսկ համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը մասնակցեց Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի տոնական միջոցառմանը:
Երեկոյան արդեն քաղաքապետարանը օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել Կապանի Գ.Նժդեհի անվան հրապարակում, որտեղ հավաքվել էին շրջանավարտները, նրանց ծնողներն ու մանկավարժները:
Միջոցառման սկզբում 2014-2015 ուստարվա շրջանավարտներին ողջունեց ու շնորհավորեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Նշելով, որ սա նրանց համար պատասխանատու եւ յուրօրինակ մի սահմանագիծ է, որը դպրոցական զանգի վերջին ղողանջներով խորհրդանշում է հրաժեշտ կյանքի կարեւոր մի շրջափուլի եւ նորի սկիզբ՝ բազում երազանքներով, ծրագրերով, նա մաղթեց բոլորին, որ կյանքի կոչվեն իրենց բոլոր նվիրական իղձերը, ապագա նոր շրջափուլի հետ կապված հույսերն ու բազմաթիվ սպասելիքները: <<Օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաեւ ձեր ուսուցիչներին եւ ծնողներին. համոզված եմ՝ բոլորդ եք նրանց շնորհակալ եւ գնահատում եք աշակերտական նստարանին ու ընտանիքում ստացած դասերը, որոնցով արդեն հասուն կյանքի ճանապարհ եք ելնում: Վստահ եմ, որ ձեր ապրած բոլոր տարիներին ջերմությամբ եք հիշելու հարազատ կրթօջախներն ու ձեր մեջ գիտելիք ու բարություն սերմանած ուսուցիչներին>>, - նշեց քաղաքապետը:
Սյունիքի մարզպետի շնորհավորական ուղերձը հնչեցրեց փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը: Դրանում մասնավորապես ասվում է.<<Սիրելի՛ ուսուցիչներ, դուք կյանքի նոր աստիճան եք ուղղորդում մի նոր սերնդի, որին փոխանցել եք ձեր գիտելիքներն ու հոգու ջերմությունը: Խոնարհումով ու հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում ձեզ՝ հայրենանվեր աշխատանքի համար: Շնորհավորում եմ նաեւ հուզումնալից պահ ապրող բոլոր ծնողներին եւ հույս հայտնում,որ իրականություն կդառնան իրենց զավակների հետ կապված բոլոր նվիրական երազանքները: Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ, որ դուք հպարտությամբ միշտ բարձր կպահեք Հայաստանի հանրապետության քաղաքացու եւ սյունեցու պատիվը>>:
Ելույթներով հանդես եկան նաեւ Կապանի տարբեր դպրոցների աշակերտներ, ովքեր կարեւորեցին օրվա խորհուրդը, շնորհավորեցին միմյանց, մանկավարժներին եւ ծնողներին եւ միջոցառման կազմակերպման համար շնորհակալություն հայտնեցին քաղաքապետարանին:
Հրապարակում տոնական տրամադրությունը եւ շրջանավարտների ուրախ ժամանցն ապահովեցին Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի անհատ կատարողներն ու երաժշտական խմբերը. այստեղ թեածում էր ուրախ երգն ու շրջանավարտների պարը:
Մութն ընկնելուն պես արդեն 3-րդ անգամ Կապանի երկինքը զարդարեցին կանթեղ-օդապարիկները. ավանդական դարձած այս արարողությանը շրջանավարտներից յուրաքանչյուրը, իր կանթեղը վառելիս, երազանք էր պահում, իսկ անվտանգությունը հսկում էին ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցները:
Երեկոն եզրափակվեց հրապարակում կազմակերպված բացօթյա ուրախ դիսկոտեկով, որը վարում էր DJ Վակցինան:
Ի դեպ, մարզի բոլոր աշակերտների համար դրամական պարգեւ էր սահմանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
1323 դիտում
11:46 06-05-2014
Մինչեւ ուստարվա ավարտը կապանցի աշակերտների և ուսանողների համար տրանսպորտի ուղեւորավարձը կմնա անփոփոխ
1074 դիտում
10:35 23-05-2014
Կապանցի երիտասարդները փորձում են կոտրել ծխելու վերաբերյալ կարծրատիպերը
2112 դիտում
21:09 21-06-2014
Վերապատրաստվում են կապանցի գրադարանավարները
Այս բաժնից
1375 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին