Վարչապետը մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի փակմանը
                        Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ամփոփիչ նիստին:
Կառավարության ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Մենք բարձր ենք գնահատում բարձրագույն կրթության ոլորտի նման ներկայացուցչական լսարանի՝ Բոլոնիայի անդամ երկրների բարձրագույն կրթության նախարարների, պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների մասնակցությունը երևանյան ֆորումին:
Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները որոշիչ են եղել Եվրոպական տարածքի բարձրագույն կրթական մոդելի ստեղծման համար: Այս երկօրյա համաժողովը Բոլոնիայի գործընթացի տևական և շարունակական հանգրվաններից մեկն է՝ քաղաքամայր Երևանում: Սա իսկապես պատմական պահ է, իրադարձություն, որը, կարծում եմ, նոր ձևակերպումներով և գերակայություններով առաջ կմղի բարձրագույն կրթության զարգացման տեսլականը: 
 
Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է: Այն որոշիչ դերակատարություն է  ունեցել Եվրոպական տարածքի բարձրագույն կրթական մոդելի ստեղծման գործում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռել  տարբեր մշակութային և կրթական ավանդույթներ ունեցող երկրներին ստեղծել եվրոպական չափանիշներին համահունչ կրթական միջավայր: Սա նաև միջոց է զարգացող երկրների համար`  կիսելու Բոլոնիայի կրթական համակարգի ձեռքբերումների դրական փորձը, նպաստելու կրթական ծրագրերի փոխանակմանը և ուսանողների փոխշփմանը: 
Այս համատեքստում մեր երկրների համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության և ակտիվ երկխոսության վրա, ինչը կարող է բարենպաստ հարթակ հանդիսանալ քաղաքական և տնտեսական հնարավորությունների զարգացման համար: Միայն որակյալ կրթության հենքի վրա կարող են կառուցվել ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող հասարակություններ՝ խթանելով առավել ճկուն քաղաքական և տնտեսական  դիրքորոշումների ձևավորումը:
Գոհունակությամբ կարող ենք փաստել, որ Երևանի՝ 2015 թ. նախարարական գագաթնաժողովն այս գործընթացի ճանապարհին մեր  ձեռքբերումների և վստահության գրավականն է, իսկ այն բոլոր եզրահանգումները և առաջնահերթությունները, որոնք առաջիկա երեք տարվա համար ամրագրվեցին երևանյան հռչակագրում, մեր կողմից կյանքի կկոչվեն նույն հետևողականությամբ և ներգրավվածությամբ»:
Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումին մասնակցում է 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից  շուրջ 500 պատվիրակ, այդ թվում՝ 20 երկիր ներկայացված է  նախարարների մակարդակով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

