Վարշավայում կայացել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի լեհերեն հրատարակչության շնորհանդեսը
Մայիսի 13-ին Վարշավայի «Ընթերցանության մոդա» գրատանը տեղի ունեցավ ռումինահայ գրող, հրապարակախոս և հասարակական-քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի լեհերեն հրատարակչության շնորհանդեսը: Վեպը նվիրված է Հայոց ցեղասպանությանը և թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով: Այն լեհ ընթերցողին ներկայացվում է առաջին անգամ:
Շնորհանդեսը կազմակերպվել էր Մշակույթի ռումինական ինստիտուտի, «Կլիմատի» գրքերի հրատարակչության և «Ընթերցանության մոդա» գրատան կողմից` Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:
Հեղինակը ներկաներին մանրամասն ներկայացրեց վեպի հիմնական բովանդակությունը` անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և դրա ճակատագրական հետևանքներին ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության կյանքում: Վարուժան Ոսկանյանը նաև պատասխանեց ընթերցողներին հուզող հարցերին: