797 դիտում
22:00 14-05-2015
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներն այցելել են Հայաստան
Մայիսի 13-ից 15-ը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ) հարկային ոլորտի պատասխանատու՝ Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու՝ Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատու՝ Անդրեյ Սլեպնովի, ինչպես նաև Արա Նռանյանի, Ռոբերտ Հարությունյանի կողմից կազմված պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:
Այցի շրջանակներում քննարումներ են կազմակերպվել ՀՀ գործարար համայնքի և ՀՀ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես քննարկումները կազմակերպվել են երեք հիմնական և արդի հարցերի վերաբերյալ, որոնք են ՝ ԵԱՏՄ նոր մաքսային օրենքսգրքի նախագիծը, ԵԱՏՄ շրջանակներում հարկային կարգավորումների ոլորտում առկա խնդիրները, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագիծը:
ԵԱՏՀ ներկայացուցիչների կողմից ներկայացվել է ԵԱՏՄ նոր մաքսային օրենքսգրքի նախագիծը, որը նախատեսվում է ամբողջացնել մինչև այս տարվա հոկտեմբերը: Նշվել է, որ օրենսգրքի մշակումը պայմանավորված է այն հանգամաքով, որ ԵԱՏՄ գործող մաքսային կարգավորումները արդեն իսկ որոշակի առումներով չեն համապատասխանում ներկա տնտեսական զարգացումներին, վերջին տարիների ընթացքում և ընթացակարգային, և քաղաքական առումով էական փոփոխություններ են տեղի ունեցել և ստեղծվել է նոր իրավիճակ: Արձանագրվեց, որ ԵԱՏՄ նոր մաքսային օրենքսգիրքը նպատակաուղղված է գործող ընթացակարգերի պարզեցմանը և բիզնեսի համար այլընտրանքային ծախսերի կրճատմանը:
Հարկային ոլորտում առկա խնդիրների շարքում քննարկումների ընթացքում հատկապես կարևորվել են ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման հետ կապված խնդիրները: Նշվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքային գնումներ և ներմուծումներ կատարող մեր տնտեսվարող սուբյեկտների համար ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառումը առավել դյուրին դարձնելու նպատակով առաջիկա օրերին կձեռնարկվեն հարկային ոլորտի համար պատասխանատու ԵԱՏՀ-ի ենթակոմիտեի անդամների հանդիպումներ:
Նախատեսվում է, որ առաջիկայում այդ հարցի լուծման ուղղությամբ կարձանագրվեն տեսանելի արդյունքներ: ԵԱՏՀ ներկայացուցիչների կողմից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագծի քննարկումների ընթաքում ի թիվս այլ հարցերի ներկայացվել է նաև, որ բանակցություններ են իրականացվում Իսրայելի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ: Հարցի շուրջ քննարկումների ընթացքում կարևորվել է նաև Չինաստանի հետ համագործակցությունը եւ ընդգծվել, որ որոշ ոլորտներում համագործակցության վերաբերյալ բանակցություններ են սկսվելու նաև Չինաստանի հետ:
Նմանատիպ նյութեր
1237 դիտում
13:19 12-03-2014
Վարչապետն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին
Այս բաժնից
913 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին