211652_close_icon
views-count884 դիտում article-date 11:47 13-05-2015

Մեկնարկում է Թալալյան եղբայրների անվան ալտի և թավջութակի հանրապետական 6-րդ փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մայիսի 17-ից հուլիսի 15-ը, «Արս Լունգա» հասարակական կազմակերպությունը Երևանում կանցկացնի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական 6-րդ փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Թալալյան, տնօրեն` Ջուլիետա Վարդանյան): Փառատոնի շրջանակում կներկայացվեն «Իսպանական կամերային երաժշտություն», «Համերգ` նվիրված 2 համաշխարհային պատերազմների անմեղ զոհերի հիշատակին», «Դասական կամերային ստեղծագործություններ», «Կամերային երաժշտության երեկո Մարինա Մանուկյանի հետ», «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացան և կատարելագործման նպատակային ծրագրի անդամներ», «Գ. Ռաֆայելյանի դասարանի դափնեկիր թավջութակահար սաներ» համերգային ծրագրերը, ինչպես նաև համերգներ՝ նվիրված հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյա, Գագիկ Հովունցի 85-ամյա, Ռուբեն Սարգսյանի 70-ամյա, Վարդ Մանուկյանի 60-ամյա և վրացի անվանի կոմպոզիտոր Սուլխան Ցինցաձեի 90-ամյա հոբելյաններին: Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական 6-րդ փառատոնին կմասնակցեն՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը` Մերի Մարգարյան (I ջութակ), Հայկ Մանուկյան (II ջութակ), Վաչե Հովեյան (ալտ), Արամ Թալալյան (թավջութակ), «Արս լունգա» դուետը` Արամ Թալալյան (թավջութակ), Ջուլիետա Վարդանյան (դաշնամուր): Փառատոնի շրջանակում հանդես կգան մենակատարներ՝ Անի Բատիկյանը (ջութակ, Մեծ Բրիտանիա), Ալֆրեդո Օյագուեզ Մոնտերոն (դաշնամուր, Իսպանիա), Բորիս Լիֆշիցը (ջութակ, Շվեյցարիա), Մարինա Մանուկյանը (ջութակ, ԱՄՆ), Արամ Թալալյանը (դիրիժոր, թավջութակ), Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր), Յանա Դարյանը (ալտ), Լուսինե Հակոբյանը (դաշնամուր), Մերի Դոլմազյանը (ալտ), Աստղիկ Վարդանյանը (ջութակ), Աշոտ Խոյեցյանը (ջութակ), Վաչե Հովեյանը (ալտ), Անի Կարապետյանը (ջութակ), Լուսինե Հարությունյանը (ջութակ), Լևոն Առաքելյանը (թավջութակ), Դանիել Մելքոնյանը (շեփոր): Ծրագրում կհնչեն Ալ. Հարությունյանի, Վ. Մանուկյանի, Ս.Ցինցաձեի, Մ. Կոկժաևի, Ա. Բաբաջանյանի, Վ. Շարաֆյանի, Գ. Հովունցի, Ռ. Սարգսյանի, Ս. Նաղդյանի, Յ. Յակուլովի, Խ. Տուրինայի, Է. Գրանադոսի, Մ. դե Ֆայայի, Մ. Բրոնների, Վ. Մոցարտի, Լ. վան Բեթհովենի, Յ. Հայդնի, Ֆ. Մենդելսոնի, Ռ. Շումանի, Յ. Բրամսի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգները տեղի կունենան ս. թ. մայիսի 17-ին և հունիսի 19-ին, ժամը 19։00-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, մայիսի 19-ին, հունիսի 8-ին, հուլիսի 8-ին, ժամը 19։00-ին և հունիսի 10-ին, ժամը 14։00-ին` Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին` Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:

Նմանատիպ նյութեր