Շարունակվում է մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլը
                        Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլի կարևորագույն բաղադրիչի՝ դրենաժային թունելի երկարացման և մետրոյի թունելներում վերականգնողական  աշխատանքների մեկնարկի միջոցառմանը: 
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը վստահելի և լուրջ գործընկեր է հանդիսանում Երևանի քաղաքապետարանի համար, և համոզմունք է հայտնել, որ երկուստեք ծրագրերը  կշարունակվեն առաջիկայում ևս ու կընդգրկեն քաղաքային  տնտեսության այլ ոլորտներ:
Հարկ է նշել, որ Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի նշված բաղադրիչի նպատակն է մետրոյի վազորդային թունելներ ներհոսող ստորգետնյա ջրերի զգալի նվազեցումը և դրանց ուղղորդումը դեպի Հրազդան գետ: Մետրոյի վազորդային թունելների հարևանությամբ գործող դրենաժային թունելը ձգվում է «Զորավար Անդրանիկ» կայարանից մինչև Հրազդան գետ՝ ջրթափ պորտալը: Այն պետք է երկարաձգվի գոյություն ունեցող դրենաժային թունելի արևելյան ճյուղի ծայրից մինչև մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հյուսիսային մասում գտնվող պոմպակայանը, որտեղ նկատվում է ստորգետնյա ջրերի ուժեղ հոսք: 
Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող դրենաժային թունելի երկարացում մոտ 930 մ, մետրոյի վազորդային թունելներում դրենաժային միջոցառումներ, երեսարկի հետևի դատարկությունների լցոնում և չուգունե երեսարկի հակակոռոզիոն աշխատանքներ: Ծրագրի իրականացման ժամկետը` 24 ամիս:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

