Ձեր գրառումները դիտվում են որպես շարքային «աբիժնիկություն». Կարեն Քոչարյան
Կարեն Քոչարյանը, ով նաև «Ամենախելացին» խաղի գլխավոր խմբագիրն է, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խաղի տոնական՝ մայիսի 9-ի թողարկմանը, որին մասնակցում էին բացառապես լրագրողները: Կարեն Քոչարյանը, մասնավորապես, գրել է.
«Ուզում եմ մի փոքր անդրադառնալ «Ամենախելացի» հեռուստախաղի տոնական թողարկմանը: Եթերից հետո, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ, ով որ լրագրողի վրա ատամ ուներ, անհամբեր սպասում էր այդ եթերին, որպեսզի ֆեյսբուքում իր ողջ թույնը թափի այդ լրագրողի վրա: Հարգելի հեռուստադիտողներ, ասում եմ որպես «Ամենախելացի» խաղի գլխավոր խմբագիր և «Ի՞նչ, Որտե՞ղ, Երբ» խաղի հաղորդավար՝ այս երկու հեռուստանախագծերում ի սկզբանե, մասնակցում են միայն խելացի մարդիկ: Այդ խաղերի բոլոր մասնակիցները, անկախ իրենց տարիքից, սոցիալական կարգավիճակից և մասնագիտությունից, այս երկրի ինտելեկտուալ սերուցքն են: Նրանք բոլորն էլ ինձանից և ձեզանից խելացի են և գիտուն: Իսկ որպեսզի հարցը վերջնականապես լուծում ստանա, ես հրավիրում եմ բոլոր քննադատներին մասնակցելու «Ամենախելացի» և (կամ) «Ի՞նչ, Որտե՞ղ, Երբ» խաղերին մասնակցելու: Եթե Ձեզ մոտ ավելի լավ կստացվի, քան մեր մասնակիցների մոտ, ես պատրաստ եմ բոլոր հարթակներում ներողություն խնդրել քննադատներից:
Հակառակ պարագայում, Ձեր գրառումները դիտվում են որպես շարքային «աբիժնիկություն»»: