Ինչպես են հայերը դիմավորում ոտքով Մոսկվա հասած երևանցի թոշակառուին. տեսանյութ
                        Երևանցի թոշակառու, 76-ամյա Գրիգոր Տիպոյանը 2200 կմ ոտքով անցնելով՝ 46 օրում հասել է Մոսկվա՝ մայիսի 9-ին Կրեմլի Անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ խոնարհելու և նվիրելու այդ ուղևորությունը Մեծ Հայրենական պատերազմի ճակատում բոլոր զոհվածներին:
Ի դեպ՝ Տիպոյանների ընտանիքում Մեծ Հայրենական պատերազմի տարիներին զոհվել է 5 տղամարդ, այդ թվում՝ նրա հայրը՝ կրտսեր լեյտենանտ Հունան Տիպոյանը, ով ընդամենը  30 տարեկան էր:
Գրիգոր Տիպոյանը պատմում է, որ մեկ տարի առաջ է որոշել ուղևորվել և մանրակրկիտ պատրաստվել է։ Մարզվել, երկար քայլել ոտքով, բայց կինն ու դուստրը թույլ չեն տվել։ Այդ պատճառով նա որոշել է ստել` մարտի 22–ին, երբ բոլորը քնել են, նա անձայն դուրս է եկել երևանյան իր տնից և մեկնել Վրաստան, այնտեղ Ալաստյան գյուղից ճակատ էր մեկնել իր հայրը  և ճանապարհը սկսել  այնտեղից:
76-ամյա թոշակառուն ուղևորությունից առավել տպավորված էր ուկրաինացի փախստականներից, որոնցից  շատերն ուտելիք և գումար  էին խնդրում անցորդներից:
Տեսանյութում նա պատմում է, որ ճանապարհին գիշերելու համար միայն մեկ անգամ էին նրանից գումար վերցրել։ Երբ իմանում էին, թե ով է, ինչու և ուր է գնում,  ուրախությամբ դիմավորել և անվճար ընթրիք էին հյուրասիրել։  
Գրիգորի Տիպոյանը Մոսկվայում կհյուրընկալի ևս մեկ շաբաթ, այնուհետև կվերադառնա հայրենիք:
Ներկայացնում ենք տեսանյութը, որում Մոսկվա հասած թոշակառուին դիմավորում են  հարյուրից ավելի հայրենակիցներ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


