211652_close_icon
views-count1788 դիտում article-date 19:12 09-05-2015

Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի. Ֆոտոռեպորտաժ

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ քիչ առաջ Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներկայանում է «Հայություն» խորագրով ցուցադրությամբ։ Տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում են սփյուռքահայ 18 արվեստա¬գետներ: Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի մեծ ու փոքր քաղաքներում ստեղծագործող այս արվեստագետներին միավորում է իրենց ազգությունը։ Նրանք Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներն են, ովքեր դաժան ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքից դուրս, սակայն իրենց մեջ կրում են ազգային ինքնությունն ու հիշողությունը։ Բիենալեի տաղավարի համադրողն է Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը: «Ցուցահանդեսը «Հայություն» անվանելու համար ինձ ներշնչել է ֆրանսերեն Armenite բառը։ Այն ինձ թվաց նոր ու հարմար բառ, որպեսզի նկարագրեմ հայ արվեստագետների ու մտավորականների` անընդհատ հոսքի մեջ գտնվող մի սերունդ` ինքնասահմանման իր բազմազանությամբ, որը սակայն պահպանել է աշխարհում լինելու սուբյեկտիվ զգացողությունը»,- այսպես է բնորոշել իր մտահղացումը հայկական տաղավարի համադրողը։ Մայիսի 6-ին տեղի ունեցած Հայկական տաղավարի բացմանը ներկա են գտնվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր Եղիա Քիլաղբյանը, իտալացի հայտնի արվեստագետներ ու արվեստասերներ։ Տպագրվել է հայկական տաղավարում ներկայացված արվեստագետների աշխատանքների կատալոգը, որի հրատա¬րակությունը իրականացրել է հանրահայտ իտալական SKIRA (Սկիրա) հրատարակչությունը: Հայկական տաղավարի բացման արարողությանը նախորդել է մամուլի ասուլիս՝ տաղավարը ներկայացնող բոլոր արվեստագետների մասնակ-ցությամբ. Նինա Խաչատուրյան (ԱՄՆ,Ֆինլանդիա), Սիլվինա Տեր-Մկրտիչյան (Արգենտինա, Գերմանիա), Հայկ Այվազյան (Լիբանան), Մելիք Օհանյան (Ֆրանսիա), Մխիթար Կարապետյան (Բելգիա), Նիկոլ Բեզջյան (ԱՄՆ, Սիրիա), Աննա Բողիգյան (Եգիպտոս, Կանադա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա), Երվանդ Ջանիկյան և Անջելա Ռիկի Լուչի (Իտալիա), Արամ Ջիբիլյան (ԱՄՆ), Սարգիս (Թուրքիա, Ֆրանսիա), Հրայր Սարկիսյան (Սիրիա, Մեծ Բրիտանիա), Այկատերինի Ջեգիսյան (Հունաստան), Հերա Բույուկթաշջիյան (Թուրքիա), Ռենե Գաբրի և Այրին Անաստաս (Իրան, Պաղեստին, ԱՄՆ): Հայաստանը Բիենալեյում ներկայացնում է Միքայել Օհանջանյանը: Հայաստանի տաղավարի ստեղծումն ու հաղթանակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանության, համակարգողների, հայ արվեստագետների ու բարերարների միասնական, հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքն է։ Վենետիկի բիենալեն կգործի մինչև նոյեմբերի 22-ը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր