211652_close_icon
views-count424 դիտում article-date 15:54 07-05-2015

Կատարելագործվում է առևտրային արբիտրաժի ինստիտուտը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում և ևս յոթ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Խնդիր է դրված վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից կատարելագործել առևտրային արբիտրաժի ինստիտուտը: Միջազգային փորձը վկայում է, որ ոչ միայն առևտրային, այլև մյուս իրավահարաբերությունների հետ կապված վեճերն աստիճանաբար ուղղվում են վեճերի լուծման արտադատական մարմիններ, ինչպիսիք են արբիտրաժը, հաշտարարը և ֆինանսական համակարգի հաշտարարը: Նիստի հավանությանն է արժանացել «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատավորի վարքագծի կանոնների սահմանումը վերապահել դատավորների ընդհանուր ժողովի իրավասությանը: Գործադիրը հավանություն է տվել «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և անվտանգության համակարգված գործունեությունը, կկարգավորվեն թանգարանների ստեղծման, գործունեության, գործունեության դադարեցման, ՀՀ թանգարանային ֆոնդի ձևավորման, համալրման, հաշվառման և պահպանության հետ կապված հարաբերությունները: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, աշխատաշուկայում անմրցունակ անձանց իրավունքների շրջանակն առավել հստակեցնելու անհրաժեշտությամբ: Նիստի հավանությունն է ստացել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է պարզեցնել Հայաստանում հանրահայտ ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի և ժամացույցների ներմուծման ընթացակարգերը: Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը: Քննարկվել է նաև ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք քննարկվել են նախաձեռնության հեղինակների հետ և դրական արձագանք ստացել, ուստի կառավարության եզրակացությունը ևս դրական է: Գործադիրը քննարկել է «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: Նրա կարծիքով` արտոնությունների սահմանումը միտված է բազմազավակ ընտանիքների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Ողջունելով նախաձեռնությունը, կառավարությունը միաժամանակ հայտնել է մի շարք նկատառումներ և հանգել այն եզրակացության, որ օրենքի նախագիծը լրացուցիչ քննարկման և լրամշակման կարիք ունի: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Նմանատիպ նյութեր