70 տարի անց ԱՄՆ-ը Գերմանիային է վերադարձնում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ երկրից դուրս բերված կտավները
Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, ԱՄՆ-ը Գերմանիային է վերադարձրել 5 նկար, որոնք ապօրինի կերպով երկրից դուրս էին բերվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այս մասին հաղորդվել են «Հուշարձանների պաշտպանության» (Monuments Men) հիմնադրամից, որը զբաղվում է պատերազմի ժամանակ անհետացած մշակութային արժեքների որոնմամբ:
Կտավների փոխանցման միջոցառումը կազմակերպել է հիմնադրամը, այն տեղի է ունեցել ԱՄՆ Պետդեպում: Միջոցառմանը ներկա է եղել ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Փեթեր Վիթիգը:
Հիմնադրամի տվյալներով՝ գերմանական կողմին փոխանցված նկարների մեջ եղել են նկարիչներ Խրիստիան Վիլհելմ Էռնստ Դիտրիխի, Ֆրանս Ֆրանկեն Կրտսերի և Ֆրանց դե Պաուլ Ֆերգի գործերը: Հաղորդվում է, որ ամերիկացի զինծառայող Ուիլյամ Օֆտեբրոն կտավները շահել է պոկեր խաղալիս, հետո դրանք ուղարկել ԱՄՆ: