211652_close_icon
views-count585 դիտում article-date 20:24 05-05-2015

Փաստաբանների պալատում էր Հենրի Րեզնիկի գլխավորած պատվիրակությունը. ֆոտոշարք

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի փաստաբանների պալատում, այսօր՝ մայիսի 5-ին, հյուրընկալվել էին Մոսկվայի փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ պալատի առաջին փոխնախագահ Հենրի Րեզնիկի գլխավորությամբ, ում ուղեկցում էին Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան, որակավորման հանձնաժողովի անդամ Նիկոլայ Կիպնիսը և Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան Յուրի Չանչուրյանը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է ռուս գործընկերներին Հայաստանում և Փաստաբանների պալատում, և ներկայացրել Պալատում կատարվող աշխատանքները: Հենրի Րեզնիկը բարձր է գնահատել հայ փաստաբանների միասնականությունը և հայտնել, որ Ռուսաստան այդ հարցը կազմակերպելը բավականին բարդ է, քանի որ միայն Մոսկվա քաղաքում գործում է 9000 փաստաբան: Գործընկերների ուղեկցությամբ Հենրի Րեզնիկի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Պալատում՝ ծանոթացել ՀՀ փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի հնարավորություններին: Հայ փաստաբանների հետ ընդլայնված կազմով հանդիպում-քննարկման ժամանակ արծարծվել են փաստաբանական գործունեությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ փաստաբանական գաղտնիքի և հանրային պաշտպանության ինստիտուտի առանձնահատկությունները: Խոսելով հայկական և ռուսական փաստաբանական ինստիտուտների մասին՝ Րեզնիկը նշել է,-ՙՄեզ միավորում են մեր վստահորդները: Յուրաքանչյուր փաստաբանի հաջողության գրավականը ունենալ գիտելիք, փորձ, ինչո՞ւ չէ, նաև՝ հաջողություն՚,- հայտնել է փորձառու փաստաբանը: Հենրի Րեզնիկը խոսել է փաստաբանների և հաճախորդի միջև կնքնվող պայմանագրի առանձնահատոթյունների, ինչպես նաև փաստաբանների իրավունքների մասին: Անդրադարձ է եղել փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանին տույժի ենթարկելու ինստիտուտին: Խոսելով ռուսական փորձի մասին՝ Րեզնիկը նշել է,-ՙՓաստաբանին պատասխանատվության ենթարկելու հետ կապված խորհրդի որոշումը դատական կարգով կարող է բողոքարկել միայն փաստաբանը, միայն նա ունի այդ որոշմամբ նյութաիրավական հետաքրքրություն, քանի որ այդ որոշումը միայն իրեն է ուղղված և պատասխանատվության միջոցներն էլ միայն իրեն են ուղղված: Եթե քաղաքացին գտնում է, որ փաստաբանի գործողություններից վնաս է կրել, նա կարող է փաստաբանի դեմ վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան, բայց ոչ դատական կարգով վիճարկել փաստաբանին կարգապահական պատասխանատվության չենթարկելու՝ Խորհրդի որոշումը: Սա վերաբերվում է նաև այն դեպքերին, երբ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմել են պետական մարմինները՚,- նշել է Մոսկվայի փաստաբանների պալատի փոխնախագահը: Հյուրերը հետաքրքրվել են, երբ մեղադրյալի բարեկամները փաստաբանի հետ պայմանագիր են կնքում: Ինչիպիսի՞ ուժ ունի այն: Արա Զոհրաբյանը պարզաբանել է հետևյալը,-ՙԱյն ժամանակ, երբ մեղադրյալի հարազատները փաստաբանի հետ պայմանագիր են կնքում, հիմք է տալիս, որ փաստաբանը կարողանա տեսակցել իր պաշտպանյալին: Առաջին հանդիպումից սկսած մեղադրյալի հարազատների (պատվիրատու), փաստաբանի և մեղադրյալի հարաբերությունները որոշակի առանձնահատկություններով են կարգավորվում: Մենք մեր վարքագծի կանոնագրքով արգելում ենք փաստաբանին տեղեկատվություն տրամադրել վստահորդ չհանդիսացող պատվիրատուին, եթե նրանց շահերի միջև հակասություն կա: Դեպքեր են եղել, երբ պատվիրատուն մեղադրյալի համար հատուկ փաստաբան է վարձել այն նպատակով, որպեսզի այդ մեղադրյալին պահի իր հսկողության տակ: Մենք այդ ժամանակ փաստաբանին հորդորում ենք, որպեսզի նա ղեկավարվի մեղադրյալի շահերով՚: Րեզնիկը որպես քննարկման հիմնահարց առաջարկել է փաստաբանական գործունեությունը որպես առևտրային կամ ոչ առևտրային գործունեություն դիտարկելու հարցը և նշել, որ Ռուսաստանում այն դիտարկվում է որպես ոչ ձեռնարկատիրական գործունեություն: Ռուս փաստաբանների պատվիրակությունը մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանում հանրային պաշտպանի ինստիտուտի զարգացվածության մակարդակին: Հենրի Րեզնիկը հայտնել է, որ Ռուսաստանը այս առումով բավականին տեղեկատվություն ունի ստանալու: Ավարտին՝ կողմերը պայմանավորվել են հետագայում էլ առիթներ ստեղծել փորձի փոխանակման համար: ՀՀ փաստաբանների պալատին Հենրի Րեզնիկը նվիրել է իր հեղինակած գրքերը և հույս հայտնել, որ դրանք պետքական կլինեն հայ փաստաբաններին: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Պալատի անունից Մոսկվայի փաստաբանների պալատին նվիրել է խորհրդանշական ժամացույց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր