211652_close_icon
views-count833 դիտում article-date 22:44 30-04-2015

Մայրաքաղաքում բացվել է պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի բացմանը: Միջոցառման շրջանակում ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ընդգծել է, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կողմից նվիրաբերված այս հուշարձանը երախտիքի յուրօրինակ նշան է հոգատար այն վերաբերմունքի համար, որ ցուցաբերվեց Լենինգրադի բլոկադայից հրաշքով փրկված ու Հայաստանում ապաստան գտած շատ երեխաների հանդեպ: «Այս օրը ևս մեկ հրաշալի առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր այն մարդկանց, ովքեր հնարավորություն ընձեռեցին մեզ ապրել խաղաղ երկնքի տակ, զարգացնել մեր հարաբերությունները, ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամությունը, որը դարերի պատմություն ունի: Սանկտ Պետերբուրգն իսկապես հարազատ քաղաք է դարձել հազարավոր հայերի համար, նույնը պետք է ասեմ նաև Հայաստանի, Երևանի մասին, որտեղ ևս հայերի կողքին ապրել ու ապրում են ռուսները՝ Հայաստանը համարելով իրենց հայրենիքը: Եվ մենք երբեք չենք մոռանա այն ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը, որ ցուցաբերեց Հայաստանը՝ ապաստան տալով բլոկադայից հրաշքով փրկված շատ երեխաների»,- ընդգծել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետը: Կնոջ և երեխայի կերպարով քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Լենինգրադի պաշարման զոհ դարձած հարյուր հազարավոր մարդկանց հիշատակին: Հուշարձանի քանդակագործն է Վլադիսլավ Մանաչինսկին, ճարտարապետները` Անատոլի Չերնովն ու Լադա Չերնովան: Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն հանդիպել են լենինգրադյան բլոկադայից փրկված ու տասնամյակներ շարունակ Երևանում բնակվող վետերանների հետ: Օգտվելով առիթից` վետերանները շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` իրենց հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար: Իր հերթին առողջություն մաղթելով նրանց` քաղաքապետն էլ վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել բոլոր վետերաններին:

Նմանատիպ նյութեր