211652_close_icon
views-count810 դիտում article-date 21:42 30-04-2015

Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցի քննարկմանը

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցի քննարկմանը: Ծրագիրն իրականացվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի (ԹԻՀԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, ԹԻՀԿ փոխնախագահ Ելենա Պանֆիլովան, ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, այլք: Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն Արդարադատության նախարարի անունից ողջունել է մասնակիցներին և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն, կարևորում է օրենքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքների արդյունավետ իրականացումը: Նա տեղեկացրել է, որ կոռուպցիայի կանխարգելման և վերացման նպատակով ՀՀ-ում ձեռնարկվել են մի շարք լուրջ միջոցառումներ, որոնք միտված են հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության մշակմանն ու ներդրմանը: «Հակակոռուպցիոն ռազմավարությունը միտված է կոռուպցիայի կանխարգելմանը՝ օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորման, թափանցիկ, հաշվետու, արդյունավետ և մասնակցային կառավարման համակարգի ձևավորման, քաղաքացիական հասարակության հետ գործակցության, կոռուպցիոն վարքագծի համար պատասխանատվության համարժեք միջոցների սահմանման, հանցագործությունների արդյունավետ քննության, ինչպես նաև հանրային վստահության բարձրացման միջոցով»,- ասել է փոխնախարարը: Սուրեն Քրմոյանը կարևորել է, հատկապես, հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունն այս ծրագրում և շնորհակալություն հայտնել «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնե-ին, ԵՄ, ԵԽ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը, տեղական և միջազգային ՀԿ գործընկերներին կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերում աջակցելու համար: ԹԻՀԿ փոխնախագահ Ելենա Պանֆիլովայի խոսքով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է ակտիվորեն մասնակցեն կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին: «ԹԻՀԿ-ն պայքարում է ոչ միայն կոռուպցիայի դեմ, այլև պայքարում է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի բարելավման համար»,- ասել է Ելենա Պանֆիլովան՝ հավելելով, որ բարձր է գնահատում Արդարադատության նախարարության հետ սերտ փոխգործակցությունը: Զեկույցի ընթացքում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրվել են Հայաստանի 13 հաստատությունների, ինստիտուտների հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները և երաշխիքները: «Հայտնաբերված խնդիրների լուծման նպատակով մի շարք առաջարկություններ են արվել՝ միտված Հայաստանի օրինավորության ազգային համակարգի ուժեղացմանը»,- ասել է Վարուժան Հոկտանյանը: 2013 թվականի մարտից իրականացվող ծրագրի նպատակն է կոռուպցիան նվազեցնելու միջոցով բարելավել արդյունավետ կառավարումը Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանում:

Նմանատիպ նյութեր