Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգին բնորոշ բարքը. Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասված է.
«Պարարվեստի հարգարժան գործիչներ,
Ամեն տարի ապրիլի 29-ին աշխարհի բոլոր երկրներում հանդիսավորապես նշվում է Պարի միջազգային օրը՝ որպես պարարվեստի գործիչների մասնագիտական տոն: Պարի միջազգային օրը ևս մեկ առիթ է արժևորելու պարարվեստը՝ որպես մշակույթի ամենաարտահայտիչ ոլորտ, ամփոփելու կատարած աշխատանքը, հիշելու ոլորտի երախտավորներին և անդրադառնալու նրանց թողած անգնահատելի ժառանգությանը:
Կոմիտաս Վարդապետն ասում էր. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ, բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:
Պարը հատկապես կարևորվում է հայ մշակույթի հոլովույթում, քանի որ պարի մեջ արտացոլված է հայ մարդու կենցաղը, զգացումները, ազգային սովորույթները, պայքարը և սերն իր Հայրենիքի նկատմամբ: Ազգային մշակույթի, այդ թվում, նաև պարի միջոցով են կրթվել սերունդներ` ներծծվելով հայրենասիրությամբ և պահպանելով հայի գենը: Այս իմաստով մեծ է ձեր ավանդը և նվիրումը, որովհետև դուք այսօր ոչ միայն զարգացնում եք մշակույթը, այլև սերունդ եք կրթում:
Խորին երախտագիտություն եմ հայտնում ձեզ և մեկ անգամ ևս շնորհավորում` մաղթելով ստեղծագործական բերկրանքի բազում պահեր և լեփլեցուն դահլիճներ»: