211652_close_icon
views-count980 դիտում article-date 23:00 21-04-2015

Երևանում կանցկացվի գլոբալ ֆորում՝ ընդդեմ ցեղասպանության հանցագործության

Ապրիլի 22-23-ը Երևանում կանցկացվի գլոբալ ֆորում՝ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության, որին մասնակցելու են ավելի քան 600 մասնակից՝ ավելի քան հինգ տասնյակ երկրներից: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ֆորումին ելույթով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը: Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետևանքների վերացմանը և պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր: Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ: Նիստերը կնախագահեն միջազգային իրավունքի հայտնի մասնագետներ Լուիզ Մորենո Օկամպոն,  Ջեֆրի Ռոբերտսոնը, քաղաքական գործիչներ Օ դը Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Ժողովրդական շարժման միություն կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանը, Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության հիմնադիր ու գործադիր տնօրեն,  բարոնուհի Քերոլայն Քոքսը, Հայաստանի ազգային հերոս, ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հարցերով կոմիտեի նախագահ, Տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: Զեկույցներով հանդես կգան միջազգային իրավունքի ականավոր մասնագետներ, հայտնի պատմաբաններ, ցեղասպանագետներ, այդ թվում Ֆրանկ Չոքը, Ուիլիամ Շաբասը, Իսրայել Չարնին, Ռագըփ Զարաքոլուն, Մայքլ Բոլանդերը, Դոննա Ֆրիզը, Դոնալդ Բլոքսհամը, Ռոջեր Սմիթը, Հենրի Թերիոն, Պատրիկ Դամբըրին, Ջենգիզ Աքթարը, Էսթեր Մուջավայոն, Յաիր Աուրոնը:

Նմանատիպ նյութեր