ՀԱԿ-ը վարչության նիստ է հրավիրել
Հայ ազգային կոնգրեսը այսօր` ապրիլի 18-ին վարչության նիստ է հրավիրել: SHAMSHYAN.com-ը տեղեկանում է, որ նիստը քննարկել է Հայաստանի մի շարք համայնքներում տեղական հանրաքվեների անցկացման եւ համայնքների խոշորացման հարցով Կոնգրեսի ձեւավորած աշխատանքային խմբի մշակած հայտարարության նախագիծը: Նիստին մասնակցել են համայնքների ներկայացուցիչներ: Որոշում է կայացվել Կոնգրեսի պատգամավորների մասնակցությամբ խմբերի ձեւավորման եւ խնդրո առարկա համայնքներ այցելելու վերաբերյալ:
Վարչությունը քննարկել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության հետ կապված կազմակերպական խնդիրներ: Նիստում հաստատվել է Կոնգրեսի ոլորտային հանձնաժողովների գործունեության` կանոնակարգով նախատեսված տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը:
Վարչությունը որոշում է կայացրել ստեղծել աշխատանքային խումբ` Կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված եւ պետական ուսումնական հաստատություններում կիրառվող դասագրքերում նորանկախ Հայաստանի պատմական իրադարձությունների խեղաթյուրման փաստերի ուսումնասիրման, վերհանման եւ դրանց հետ կապված առաջարկներ մշակելու նպատակով: Հետեւյալ կազմով`
Աշոտ Սարգսյան (պատմական գիտությունների թեկնածու) –նախագահ
Արշակ Բանուչյան (պատմաբան)
Հրանտ Տեր-Աբրահամյան (պատմաբան)
Վահան Վարդապետյան (բժշկական գիտությունների թեկնածու)
Վիկտոր Միրումյան (պատմաբան)
Սամվել Կարաբեկյան (բանասիրական գիտությունների դոկտոր)
Արման Մուսինյան (արեւելագետ)
Վարչությունը հանձնարարեց նաեւ Կոնգրեսի գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովին` կազմակերպել այդ խնդրի վերաբերյալ թեմատիկ քննարկումներ եւ լսումներ` հրավիրելով նաեւ այլ մասնագետների:
Որոշում կայացվեց նաեւ մայիս-հունիս ամիսներին անցկացնել ժողովներ Կոնգրեսի տարածքային կառույցներում: