211652_close_icon
views-count1431 դիտում article-date 19:33 16-04-2015

Պուրակը անպայման կկառուցվի. Տարոն Մարգարյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում կառուցվող ուսումնական-մարզական նոր համալիրի հիմնարկեքի արարողությանը: Նախագիծն իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում: Համալիրի շինարարությունը, որի նախնական արժեքը կազմում է 49,3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ամբողջությամբ կիրականացվի «Գազպրոմ» ԲԲԸ կողմից: Հարկ է նշել, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի առաջարկը քննարկվել և հավանության է արժանացել Երևանի ավագանու կողմից: Էսքիզային նախագծի համաձայն` 31 841 քմ ընդհանուր մակերեսով տարածքում նախատեսվում է իրականացնել երեք՝ ուսումնական, մարզա-առողջարարական և հանգստյան գոտիների շինարարություն: Նշվել է, որ կրթական համալիրը կունենա 250 տեղանոց մանկապարտեզ, 950 տեղանոց դպրոց, այդ թվում՝ ավագ դպրոց՝ նախատեսված 450, միջնակարգ դպրոց՝ 500 աշակերտի համար, փակ լողավազան և մինի ֆուտբոլի մարզադաշտ: Մարզաառողջարարական գոտին կներառի համալիր՝ ունիվերսալ խաղասրահով, շուրջտարի գործող 350 տեղանոց փակ սահադաշտ՝ արհեստական սառույցով, ուսումնամարզական գործընթացի և տափօղակով հոկեյի, գեղասահքի և ազատ ոճի սահքի մարզումների անցկացման համար, ստորգետնյա ավտոկանգառ՝ 85 ավտոմեքենայի համար: Նախագծի համաձայն՝ ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Համալիրի օբյեկտների շահագործման և սպասարկման համար նախատեսվում է ստեղծել ավելի քան 230 աշխատատեղ: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագիրն իսկապես ողջունելի է, հատկապես հաշվի առնելով, որ հարակից տարածքում ձևավորված թաղամասն ունի այն ենթակառուցվածքների կարիքը, որոնք այս ծրագրի շրջանակում կստեղծվեն: «Թաղամասի ձևավորման հենց առաջին փուլում քաղաքապետարանում մենք քննարկել ենք այս տարածքում մանկապարտեզ և դպրոց ունենալու անհրաժեշտության հարցը և այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ այն կյանքի է կոչվում ներդրումային ծրագրի շրջանակում» - նշել է Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից սոցիալական բնակարանաշինության ծրագրի շրջանակում Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցված շենքերի հարակից տարածքում պուրակ ստեղծելու խոստմանը՝ քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այն ուժի մեջ է և անպայման կիրականացվի: «Անցյալ տարի գարնանը, երբ շրջայցով այստեղ էի, բնակիչներին խոստացա, որ բնակելի շենքերի հարակից տարածքում կկառուցենք պուրակ: Նաև նախնական նախագիծն էինք ներկայացրել: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ այդ խոստումն ուժի մեջ է, ընդամենը կատարման ժամկետն ենք հետաձգել, քանի որ տարածքում «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից իրականացվելիք շինարարական աշխատանքների ընթացքում շինտեխնիկայի մուտք ու ելքը կվնասեր պուրակին: Հենց այդ պատճառով էլ հետաձգել ենք պուրակի կառուցումը, բայց համոզված եղեք, որ այդ աշխատանքների ավարտից հետո մենք նախատեսված 5500 քմ տարածքի վրա կարճ ժամանակում կկառուցենք պուրակը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր