211652_close_icon
views-count1022 դիտում article-date 16:50 16-04-2015

Գավառում ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությունը հաստատող լուսանկարներ և փաստաթղթեր

Գավառ քաղաքի մշակույթի պալատում ՀՀ Ազգային արխիվի կողմից հանրությանը ներկայացվեցին Հայոց ցեղասպանությունը հաստատող փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք Գեղարքունիքի մարզում ցուցադրվում են առաջին անգամ: Նյութերը չափազանց կարևոր վավերագրեր են, որոնք փաստում են 1915 թվականին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի հայաշատ վայրերում կատարված ցեղասպանության և դրանցից բխող ծանր հետևանքների մասին: Այսպես, նյութերից մեկը, որը պահպանվել է ՀՀ Ազգային արխիվում, փաստում է 1916-17 թվականներին Նոր Բայազետ քաղաքում բացված Կովկասի հայկական բարեգործական ընկերության գաղթական դպրոցի աշակերտների մասին, որոնց թիվը հասնում էր 265-ի: Փաստաթղթեր և լուսանկարներ են պահպանվել նաև եղեռնից մազապուրծ և Նոր Բայազետ գաղթած 20 քահանաների, նաև` առանձին ընտանիքների մասին: Մեկ այլ փաստաթղթի վկայությամբ` Նոր Բայազետում ապաստանած որբերին և գաղթականներին օժանդակելու նպատակով հավաքվել է 7701 ռուսական ռուբլի, որն այն ժամանակներում ունեցել է բավականին պատկառելի արժեք: Փաստաթղթեր են պահպանվել նաև 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի արդյունքում տեղի ունեցած նոր գաղթի մասին: Ցուցադրությունը Գավառի մշակույթի պալատում կանցկացվի մեկ շաբաթ:

Նմանատիպ նյութեր