946 դիտում
15:15 14-04-2015
Սերգո Կարապետյանն այցելել է Արարատի մարզի Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Դրական գնահատելով հատկապես վերջին տարիներին կենտրոնի գործունեությունը` նախարարն ընդգծել է, որ բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի տեղական սորտերի մշակության ուղղությամբ տարվող աշխատանքները տարեց տարի ավելի բարեհաջող են ընթանում, ինչի շնորհիվ սերմնաբուծության ոլորտում տարեկան հաջողվում է ապահովել 30-40 տոկոս աճ:
«Մեզ համար գերակա խնդիր է մնում տեղական սերմնաբուծության արտադրության ծավալների ավելացման հաշվին ավելացնել բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի տարածումը մեր հանրապետությունում», - նշել է նախարարը` հավելելով, որ այդ ուղղությամբ կենտրոնը սերտորեն համագործակցում է նաև մասնավոր հատվածի հետ:
Նախարարը հայտնել է, որ ընթացիկ տարվա աշնանը կենտրոնում հոսքային գծերի տեղադրման և աշխատանքի մեքենայացման շնորհիվ հնարավոր կլինի առաջիկա տարիներին տեղական սորտերի սերմերի նկատմամբ առկա պահանջարկի մոտ 80 տոկոսն ամբողջությամբ բավարարել գիտական կենտրոնի արտադրության հաշվին:
Տեղեկացնելով, որ բանջարաբոստանային մշակաբույսերի թվում ներկայումս հանրապետությունում առավել մեծ պահանջարկ ունի հատկապես լոլիկը, Սերգո Կարապետյանը նշել է, որ այս տարի նախատեսվում է 2500 հեկտարով ավելացնել լոլիկի ցանքատարածությունները:
Իր հերթին գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանը նշել է, որ գյուղացիական տնտեսությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տեղական սորտերի նկատմամբ, և համոզմունք է հայտնել, որ կենտրոնում արտադրվող սերմերն ամբողջությամբ կսպառվեն:
Նշելով, որ այսօր գիտական կենտրոնն ունի բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի 3620-ից ավելի սորտեր, այդ թվում` 40-ից ավել լոլիկի սորտեր, որոնցից առավել մեծ պահանջարկ ունեն մասնավորապես «Անահիտ», «Արա», «Նոյ», «Հայաստանի հրաշք», «Երազ» և «Մուսա լեռ» տեսակները:
Սերմերի պահանջարկը և արտադրության ծավալները բավարարելու համար գիտական կենտրոնը համագործակցում է նաև մասնավոր տնտեսությունների հետ:
Բացի սերմարտադրությունից, գիտական կենտրոնն արդեն երրորդ տարին է, ինչ սածիլներ է աճեցնում, որոնք հետագայում իրացվում են հանրապետության բոլոր մարզերում:
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
14:50 21-02-2014
Սերգո Կարապետյանն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
6495 դիտում
15:53 11-05-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
Այս բաժնից
1363 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4798 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած