Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո` Բաթումիում
Բաթումիի Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցում Հայ Առաքելական Ուղղափառ և հյուրընկալ Եկեղեցիների հոգևոր դասի և հավատացյալների մասնակցությամբ տեղի ունեցավ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Երեկոն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և Հայ ու Կաթոլիկ Եկեղեցիների հոգևոր հովիվների հոգեհանգստյան կարգով:
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված բանախոսությամբ հանդես եկավ Քրիստինա Այվազյանը:
Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու հոգևոր հովիվ հայր Գաբրիել Բրագանիտինին ողջունեց ներկաներին և Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտնեց Կաթոլիկ Եկեղեցու և հավատացյալների զորակցությունը հայ ազգին և եկեղեցուն:
Երեկոյի ընթացքում համահունչ հոգևոր երգերով և շարականներով հանդես եկան հյուրընկալ եկեղեցու երգչախումբը և Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու երգչախումբը: