211652_close_icon
views-count1349 դիտում article-date 20:20 07-04-2015

Ապրիլյոթյան շնորհավորանքներ` բազմազավակ մայրերին

Մայրության և գեղեցկության օրվա՝ ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետի կողմից շնորհավորանքներ և նվերներ են ստացել նաև մայրաքաղաքում բնակվող բազմազավակ մայրերը: Բացի այդ, տոնական միջոցառումների շրջանակում, ծնելիության խրախուսման նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կազմակերպել է նաև սոցիալական նշանակության ակցիա, որում ընդգրկվել է երևանաբնակ մինչև 1 տարեկան նորածին ունեցող 100 ընտանիք։ Ակցիայի շրջանակում, ի դեպ, ներառված են նաև մայրաքաղաքում բնակվող մի շարք սիրիահայ ընտանիքներ նույնպես: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը այցելել են երիտասարդ մայրեր Գրետա Գալստյանին, ով շուրջ 30 օր առաջ իր ընտանիքին պարգևել է եռյակ տղաներ, երկորյակների մայր Աիդա Մկրտչյանին և սիրիահայ Լուսինե Քենդիմյանին, որի 3-րդ երեխան ծնվել է հայրենիքում: «Հայկական ընտանիքներն, ընդհանրապես, և երիտասարդ ու բազմազավակ ընտանիքները, հատկապես, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են, և քաղաքապետի հանձնարարությամբ այդպիսի ընտանիքներին աջակցելու նպատակով մշտապես տարաբնույթ ծրագրեր են իրականացվում: Դրանցից հերթականն այս ակցիան է, որով երիտասարդ մայրերին սիրով փոխանցեցինք քաղաքապետի շնորհավորանքներն ու նվերները»,- նշել է սոցիալական վարչության պետն ավելացնելով, որ բազմազավակ և երիտասարդ ընտանիքներին աջակցելու ծրագրերը լինելու են շարունակական: Մայրերն իրենց շնորհակալություն են փոխանցել Երևանի քաղաքապետին՝ մշտական ուշադրության և հոգածության համար։

Նմանատիպ նյութեր