211652_close_icon
views-count1665 դիտում article-date 15:20 04-04-2015

Մեծ Եղեռնին նվիրված ֆլեշմոբ Բեռլինում. 100 մետրանոց Եռագույնը տարածվել է Բունդեսթագի հարևանությամբ

Ապրիլի 3-ին Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետրանոց Հայոց Եռագույնը ծածանվեց գերմանական Բեռլին քաղաքում, լեգենդար Ռեյխսթագի` ազգային ժողովի շենքի մոտ, Շպրե գետի ափին: «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախաձեռնած հերթական միջոցառումները, նույնպես նվիրված էին Մեծ Եղեռնի 100 ամյա հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամից: Ապրիլի 3-ի կեսօրին, Բեռլինի կենտրոնում գտնվող Ռեյխսթագի շենքի մոտ «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանին են միացել գերմանիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչները, որից հետո Ռեյխսթագի հարևանությամբ` Շպրե գետի ափին մեկնարկել է ֆլեշմոբ-ակցիա: Գերմանաբնակ հայերը, «զինված» Եռագույն դրոշներով` օգնեցին Սրապիոն Գևորգյանին, ճամփորդական պայուսակից հանել Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Եռագույնը, որից հետո` պարզելով դրոշը, 100 վայրկյան լռությամբ, հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև ակցիայի մասնակիցները Եռագույններ ծածանեցին այնտեղ, ուր 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից Նեմեսիս գործողության շրջանակներում, գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում ևս տեղի ունեցավ ֆլեշմոբ-ակցիա: «Տիգրան Մեծ» Հիմնադրամի ակցիաների նպատակը` սփյուռքի հայ համայնքներին համախմբելով, Ցեղասպանությունը չճանչած երկրներում հայերի ձայնը լսելի դարձնելու միջոցով` ճանաչում և դատապարտում պահանջելն է: «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի պատրաստած 100 մետր երկայնք ունեցող Եռագույնը Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում և սփյուռքում ծածանվելու հետո` ապրիլ ամսին կլինի Արարատի գագաթին:

Նմանատիպ նյութեր