211652_close_icon
views-count1242 դիտում article-date 14:49 23-04-2015

Սևանում շարունակվում են Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումները

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված Սևանի քաղաքապետարանում մշակվել է միջոցառումների և նախաձեռնությունների համալիր ծրագիր, որն ունի համաքաղաքային ընդգրկվածություն: Միջոցառումների մեկնարկը տրվեց Վ. Ստեփանյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանում, որտեղ ապրիլի 10-ից գործում է «Հիշում եմ և պահանջում եմ» խորագրով ցուցադրություն: Ցուցադրությունն ընդգրկում է 7 բաժին` «Անդրանիկ. Քաջ հայդուկապետը», «Կոմիտաս. Հրաշքով փրկված զոհը», «Մեծ Եղեռնի զոհ գնացած հայ գրողներ», «Հերոսամարտեր», «Հայոց ցեղասպանության թեման կինոյում», «Նեմեսիս. արդար հատուցում», «Վերածնունդ»: Ցուցադրությանը զուգահեռ գրադարանի կոլեկտիվը, ընթերցողները բնագիտական թանգարանում անցակցրին «Կոմիտաս. Հրաշքով փրկված զոհը» խորագրով ցերեկույթ, որի ընթացքում բանաստեղծական և փաստավավերագրական անցումներով ներկայացվեցին Կոմիտասի կյանքն ու գործունեությունը: Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ ինքնատիպ ձևով ներկայացավ Ն. Դագարյանի անվան մարզադպրոցը: Թաեքվոնդոյի և ծանրամարտի ցուցադրական ելույթներին հաջորդեցին մարզադպրոցում և մարզական սրահներում անցկացվող բասկետբոլի և ըմբշամարտի առաջնությունները: Բոլոր հաղթանակներն ու պարգևներն էլ նվիրվեցին 1.5 մլն. անմեղ զոհերի հիշատակին: Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում կազմակերպվել էր խմբավարների և սաների նկարչական և ձեռքի աշխատանքների ցուցադրություն` «1915-2015» խորագրով, որն ուղեկցվեց «Անլռելի զանգակատուն» խորագրով հուշ-ցերեկույթի անցկացմամբ: Դպրոցի ճեմասրահի պատերին Մեծ Եղեռնի տարեգրությունն էր թև առել մտքի և երևակայության շնորհիվ, որ դարձել էր գույն ու պատկեր: Երաժշտական դպրոցի տարբեր դասարանների սաներն էլ ոգեկոչման և հիշատակի միջոցառումը համեմել էին երաժշտական և ասմունքի կատարումներով: Դաշնամուրի, ջութակի, շվիի, դուդուկի կատարումները ընդմիջվում էին երգչախմբային և վոկալ կատարումներով: Գրական-երաժշտական ինքնատիպ համադրությունը համահունչ էր օրվան և բովանդակային, և ներկայացման առումով: Համայնքի մանկապարտեզներում ևս անցկացվեցին ոգեկոչման և հիշատակի ցերեկույթներ, որոնց հաջորդեց մանկապարտեզների սաների երթը Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքար: Ապրիլի 24-ի նախօրեին Գագարինի նորակառույց զբոսայգում կազմակերպվեց ծառատունկ: Ապրիլի 23-ի երեկոյան Սևանի նորակառույց եկեղեցու հարակից տարածքից եկեղեցու զանգերի100 ղողանջից հետո «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի անդամները և սևանցիները մոմերով երթ կկազմակերպեն դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքար, որտեղ տեղի կունենա ոգեկոչման և մոմավառության արարողակարգ: Ապրիլի 24-ին քաղաքում առավոտից կսկսվի քաղաքացիների, աշխատանքային կոլեկտիվների, աշակերտների երթը դեպի հուշախաչքար, որտեղ տեղի կունենա պսակադրման և ոգեկոչման արարողակարգ, ինչպես նաև «Հիշում եմ և պահանջում» խորագրով բացօթյա միջոցառում: Օրվա համար պատրաստվել է թեմատիկ գրական-երաժշտական կոմպոզիցիա` «Սևան» ժողովրդական պարերի համույթի սաների մասնակցությամբ: Ի դեպ, այս տարի քաղաքի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարը և հարակից տարածքը սևանցիներին կդիմավորեն նորացված և բարենորոգված տեսքով: Համայնքում ապրիլքսանչորսյան միջոցառումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Նախատեսված են թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, համայնքային մշակութային կենտրոնի տնօրինությունը և «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ն կազմակերպելու են հանդիպում Սրբադասման թեմայով, ինչպես նաև ծառատունկ, որը հետագայում վերածվելու է Հիշատակի պուրակի:

Նմանատիպ նյութեր